Հերմինե Նաղդալյանի հեռախոսավճարը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետ է կանչել

հն

Վերջին օրերին մամուլում տարածվեց տեղեկություն, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին, երբ դեռևս ԱԺ փոխնախագահ էր, իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել: Ըստ որոշ հրապարակումների՝ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը չհերքեց, որ եղել է նման բան, սակայն նշեց, որ պատճառը եղել է տեխնիկական խնդիրը, քանի որ միացված է մնացել հեռախոսի ինտերնետը. «Հեռախոսս տեխնիկական խնդիր ուներ, 3G-ն երեք օր շարունակ միացված է եղել»,- նշել էր նա:

Այս պատասխանից հետո համացանցում լայնորեն սկսվեց քննարկումը, թե ումից է գանձվել այդ գումարը՝ Հերմինե Նաղդալյանի միջոցների՞ց, թե՞ պետբույուջեից: ԱԺ հասարակայնության և տեսեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ԼՈւՐԵՐ.com-ին ասացին, որ Նաղդալյանի հեռախոսավճարը մայիս ամսին խոշոր գումար է եղել, բայց չպարզաբանեցին՝ կոնկրետ ինչքան: Մենք այս հարցը տվել էինք, քանի որ պարզապես անհնար ենք համարում, որ 3 օրում 3G ծածկույթի վճարն այդքան խոշոր գումար կազմի:

«Մայիս ամսին վիճարկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ին, որը քննարկելով և տեսնելով, որ խնդիրն իսկապես տեխնիկական է, օպերատորը հետ է կանչել գումարը: Այսինքն՝ ո՛չ աշխատակազմը, ո՛չ Հերմինե Նաղդալյանը այդ գումարը չեն վճարել»,- մեզ հետ զրույցում ասացին Ազգային ժողովից՝ նշելով, որ վճարը եղել է մշտական լիմիտների սահմանում:

Նրա խոսքով՝ մայիս ամսին ԱԺ-ի բոլոր բջջայինների հեռախոսավարձերը միասին կազմել է 1,5 միլիոն դրամ:

Տեղեկացնենք նաև, որ մենք պարզաբանում ենք խնդրել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ից: Մեզ հետ զրույցում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը զարմանք արտահայտեց՝ լսելով, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հետ է կանչել բաժանորդի վարձավճարը:

Նշենք, որ ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ: ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *