ՀԷՑ-ին պատա՞նդ ենք մնալու

timthumb (1)

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեց, թե երբ է ներկայացվելու ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականի զարգացման ծրագիրը:

Աշոտ Մանուկյանը նշեց, որ այն արդեն մեկ անգամ ներկայացրել են կառավարություն և ստացել որոշ դիտողություններ, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: «Աշխատել ենք հանձնաժողովի պատասխանատուների հետ, դիտողությունները հիմնականում ընդունվել են: Ամենայն հավանականությամբ, կմշակվի լրացուցիչ ևս մեկ նորմատիվային ակտ, որը կկանոնակարգի փոքր ՀԷԿ-երի մասով այն բաժինը, որը մենք ներառել էինք մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրում: Այդ բաժինը այնտեղից կհանվի և, ամենայն հավանականությամբ, առանձին նորմատիվային ակտով կհաստատվի: Սա էր հիմնական խնդիրը: Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք: Փոխվարչապետի և ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկում ենք կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա մինչև 2036 թվականը սակագները պահպանել գործող մակարդակի վրա: Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1.5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաև արտաքին ազդեցությունները»,- ասաց Աշոտ Մանուկյանը:
Ինչպես գիտենք, Հայաստանում նախատեսվում է էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ այլ մոդելի, որտեղ ներմուծվելու են ազատականացման տարրեր։ Ակնկալվում է, որ այն նպաստավոր ազդեցություն կունենա ինչպես շուկայի մասնակիցների ծախսերի կրճատման, այնպես էլ սակագների ձեւավորման վրա։
 
Ներկայում ՀԷՑ-ը էներգիան մոնոպոլ գնում է կայաններից եւ վաճառում սպառողներին: Ազատականացումից հետո էլեկտրամատակարարմամբ կարող են զբաղվել մասնավոր ընկերությունները: Շուկայի ազատականացումը նախ եւ առաջ անհրաժեշտ է մրցակցության միջոցով ինքնարժեքի ու սակագների նվազումը խթանելու համար: Ազատականացման արդյունքում շուկայում կարող են հայտնվել նոր խաղացողներ, որոնք ավելի ցածր գին կառաջարկեն էլեկտրաէներգիայի դիմաց: Սակայն կառավարությունը կարծես թե պատրաստվում է ապահովագրել ՀԷՑ-ին նման զարգացումներից՝ բոլոր խաղացողների համար ստեղծելով խաղի միասնական կանոններ: էլեկտրաէներգիայի սակագինը գուցե և չթանկանա, բայց միևնույն ժամանակ՝ չի նվազելու: Մյուս կողմից, եթե կառավարության իրական նպատակն էր շուկայի ազատականացումը և Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդումը, ո՞րն է իմաստը այսօր ձևավորել կայունացման հիմնադրամներ և սպասել, թե ֆինանսների նախարարությունը երբ ցածր տոկոսով վարկ կներգրավի նախագծի իրականացման համար: Մի պարագայում, երբ ԱՄՆ-ը բազմիցս առաջարկել էր ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում, համաձայնեք՝ 8 միլիարդ դոլարով հնարավոր կլիներ պահպանել սակագնի գործող մակարդակը: Այս պարագայում, սակայն, տուժելու էր ՀԷՑ-ի մոնոպոլիան, մինչդեռ կառավարությունը կարծես թե անում է ամեն բան՝ և ոլորտը զարգացնելու, և ՀԷՑ-ի մոնոպոլիստական նկրտումները հագեցնելու համար: Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Գազպրոմի նախկին թոփ-մենեջերը եւ Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» խմբի եւ ՀԷՑ-ի սեփականատիրոջ պրոտեժեն, հազիվ թե շահագրգռված լինեն Հայաստանի էներգետիկ շուկայի իրական ազատականացմամբ եւ ռուսական ընկերություններից ու Տաշիրի մենաշնորհից կախվածության թուլացմամբ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *