Հիմա ես չարաշահե՞ցի վարչական ռեսուրսը․ Նիկոլ Փաշինյան

timthumb (1)

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանի ժողովուրդն է որոշելու, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ով է լինելու իշխանություն, ով՝ ընդդիմություն, ով է ընդհանրապես  դուրս մղվում քաղաքական դաշտից: «Հին Երևան» նախագծի տարածքում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ  զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես ասել եմ, որ մեր քաղաքական առաքելությունը դա է: Որ պահին ժողովուրդը կորոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինելու իշխանություն: Եվ մենք իշխանությունը կորցնելուց հետո նույն ժպիտով Երևանի փողոցներում քայլելու ենք և ըստ անհրաժեշտության քարոզչություն ենք անելու»,— նշեց նա:

Անդրադառնալով հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես բոլոր կուսակցությունների և դաշիքների մասնակցությանը վերաբերվում եմ նույն կերպ: Վերաբերվում եմ այնպես, որ ժողովուրդը պետք է իր ընտրությամբ ասի իր խոսքը: Երաշխավորված է, որ ժողովրդի ազատ կամարտահայտմանը որևէ բան չի սպառնում և չի կարող սպառնալ»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյան անդրադարձավ նաև հնչող կարծիքներին, թե ինքը վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տալիս՝ սահմանված ժամկետից շուտ սկսելով նախընտրական քարոզարշավը: ՀՀ վարչապետի պաշտոակատարը նախ անդրադարձ կատարեց ՀՀԿ խորհրդի հայտարարությանն այն մասին, թե իր՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահում էր ընտրությունների նախաշեմին: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հրապարակել, թե որո՞նք են այդ միջազգայի չափանիշները: «Այսինքն, Հայաստանի  Հանրապետության վարչապետի պաշտոնակատարը ի՞նչ պիտի անի, սենյակից պիտի դուրս չգա՞»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են Երևանում երթ հրավիրել նոյեմբերի 24-ին, այլ ոչ թե նոյեմբերի 26-ին, երբ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզրաշավը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց: «Իսկ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որևէ օր որևէ երթ անցնացնելու հարցում»,- հարցրեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ նախըտրական կոչեր կարող են հնչել միշտ: «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը և քարոզչության համար ժամկետները հետևյալի համար են. Քարոզչության համար սահմանված ժամկետներից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով որևէ քարոզչություն անելու հարցում, որովհետև քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն: Քարոզչական ժամկետի շրջանում կան որոշակի սահմանափակումներ: Օրինակ, եթե դրանից դուրս դուք կարող եք մարդկանց բուկլետներ բաժանել, որոնք էական չէ, թե որտեղ են տպվել, ինչ քանակությամբ են տպվել և ինչ գնով, նախընտրական քարոզչության ժամանակ դուք բաժանում եք նյութեր, որոնք հստակ մակնշված են, թե որտեղ է տպվել, ինչ քանակով և այդ նյութի ստեղծման համար վճարումը պետք է կատարվի նախընտրական հիմնադրամ»,— մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ շփվել է, շփվում է ու շարունակելու է շփվել ժողովրդի հետ: Հարցի, թե ի՞նչ բնույթ ունի նոյեմբերի 24-ին հրավիրված երթը, Փաշինյանը պատասխանեց. «Երթը ունի քայլելու բնույթ: Մենք անելու ենք երթ, մենք կարող ենք ընտրական հարցեր շոշափել կամ չշոշափել: Ես Հայաստանի բոլոր քաղաքացիերին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հիմա ես չարաշահե՞ցի վարչական ռեսուրսը: Եթե ես միջազգային չափանիշներով չարաշահում եմ վարչական ռեսուրսը, թող ներկայացնեն, թող հրապարակեն այդ չափանիշները»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պատոնակատարը:

Հարցին՝ մարզեր կատարած այցերի ընթացքում ի՞նչ տրամադրություններ է նկատել մարդկանց մոտ՝ կապված իր վարկանիշի հետ, Փաշինյանն ընդգծեց, որ տեսել  է միայն դրական շարժը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *