ՀՀԿ-ին «հուպ տվող» քաղաքապետը և Կապանի դառը իրականությունը

timthumb (1)

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն ըստ առաջադրումների՝ խոշոր համայնքներում մեծ մրցակցություն չի սպասվում։ Մասնավորապես, Սյունիքի մարզում թեկնածություններ հիմնականում առաջադրել է իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը կպայքարի մի քանի համայնքներում, իսկ «Ելք»-ը որևէ տեղ թեկնածու չունի։ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ի սկզբանե երկու թեկնածուներ էին առաջադրվել՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և ինքնառաջադրված նախկին Վերին Խոտանան համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանը։

Կապանում եւ հարակից գյուղերում վերջերս հարցում էր անցկացվել՝ ճշտելու ընտրողների վերաբերմունքը քաղաքապետի ՀՀԿ-ական հավանական թեկնածուների նկատմամբ: Ինչպես և սպասվում էր, ամենաշատ կողմ ձայներ է ստացել գործող քաղաքապետը։ Սոցհարցման արդյունքները լրացուցիչ ազդակ են եղել ՀՀԿ-ի համար, որպեսզի իշխող քաղաքական ուժն իր աջակցությունը հայտնի հենց Աշոտ Հայրապետյանի թեկնածությանը: Գուցե հենց դրանից էր այդքան ազդվել ՀՀԿ-ական մյուս թեկնածուն՝ վերջին պահին հանելով իր թեկնածությունը:

Բացի նրանից, որ պայքար՝ որպես այդպիսին, չի ստացվելու, առաջիկա ընտրամարաթոնի առանձնահատկություններից մեկն այն կլինի, որ 2008 թվականից ի վեր Կապանի հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր խաղացած Արտուր Աթայանը չի առաջադրել իր թեկնածությունը: Արդյոք Արթուր Աթայանն իր համակիրներին կուղղորդի՞ աջակցել ՀՀԿ-ական քաղաքապետին, թե ոչ ՝ դեռ պարզ չէ: Բայց ակնհայտ է, որ ՀՅԴ-ն, գուցե կոալիցիոն համերաշխությունից ելնելով՝ չի  առաջադրել այնպիսի թեկնածուի, ով իր շուրջ կհամախմբեր Արթուր Աթայանի ընտրազանգվածի մեծ մասը, ինչի արդյունքում էլ նրա ընտրազանգվածը տրոհվել է:

Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ Աշոտ Հայրապետյանի հենարանը նրա եղբայրն է՝ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Արդեն 2 տարվա քաղաքապետ Հայրապետյանն այս անգամ էլ ընտրություններում մրցակից չի ունենա: Ի դեպ՝ նույն պատկերն էր նաև նախորդ ընտրություններում. մամուլի պնդմամբ` Աթայանը հանեց թեկնածությունը «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Հայրապետյանի հովանավոր մարզպետի ճնշման արդյունքում: Թվում է՝ Հայրապետյանը քաղաքապետ է աշխատում այնպես, ինչպես ընտրվել է. նրա գլխավոր հույսը դոնորներն ու հովանավորներն են: Սեփական եկամուտներ հավաքագրելու մասով հույսը մնում է դնել այս կամ այն տարածքը վարձակալողի (ըստ Հայրապետյանի` իրենք այսօր ձգտում են ոչ թե օտարել, այլ վարձակալության հանձնել) ու տարբեր տեսակի հարկ եւ տուրք վճարողների վրա, որոնցից հավաքագրածի «առյուծի բաժին»-ն էլ, թերեւս, ծախսվում է աշխատավարձերի վրա, ու պատասխանատուները կրկին մնում են կոտրած տաշտակի առաջ: Գուցե հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ կապանցիների կյանքում որևէ էական, դրական տեղաշարժ չի արձանագրվում: Հայաստանում հացն ամենաթանկն է հենց այստեղ, որտեղ 500-600 գրամ կշռող հացը վաճառվում է 240 դրամով: Սա, ըստ էության, ամենալավ վկայությունն է օրվա հացի խնդիր լուծող կապանցիների վիճակի: Խոշորացված համայնքներում ՀՀԿ-ական թեկնածուների «հուպ տալով» ու մրցակցությունից զերծ ընտրություններում հաղթելով է, երեւի, որ Սյունիքը պետք է դառնա Հայաստանի Իսրայելը. մտադրություն, ցանկություն, որը փայփայում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, և որը, ինչ խոսք, հեռու է իրականություն դառնալուց:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *