ՀՀԿ-ին սպասարկող մաֆիան շարունակում է սպասարկել նոր մարզպետի՞ն

timthumb

Ընդամենը ամիսներ առաջ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցնում էր հանրությանը և վարչապետ Փաշինյանին, որ Իջևանում գործող անտառային մաֆիային գտնելը ընդամենը ամիսների գործ է, հատկապես, որ ըստ մարզպետի ակնարկների՝ գիտեն, թե ովքեր են կանգնած այդ մաֆիայի հետևում: Անցան ամիսներ, սակայն այս հարցում դեռևս ոչ մի տեղաշարժ չկա, ավելին՝ գյուղացիներին չեն թողնում մտնել անտառ, մինչդեռ անտառը շարունակվում է թալանվել, ընդամենը շաբաթներ առաջ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք կրկին ֆուռերով փայտ են դուրս բերում իջևանյան անտառներից:

Ներկա իշխանությունների տրամաբանությունը այն է, որ նախկինները համագործակցել են այդ անտառային մաֆիայի ներկայացուցիչների հետ, վերջիններս էլ համապատասխան շնորհակալությունն են հայտնել, աջակցելով ասենք ընտրությունների ժամանակ: Հիմա իրավիճակը փոխվել է և անչափ տրամաբանական կլիներ, որ այսօր մենք ականատես լինեինք աղմկահարույց բացահայտումների, ոչ թե անտառների շարունակական ոչնչացմանը: Եթե նոր իշխանությունները հների պես չեն ցանկանում նստել վերոնշյալ մաֆիայի պոչին (եթե այն ընդհանրապես կա, իհարկե), ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ այսօր էլ չի գործում նախկինում արմատացած մշակույթը: Իջևանում ընտրությունները սարերի հետևում չեն և բնական է, որ Փաշինյանի թիմին, ում դիրքերը այնքան էլ ուժեղ չեն՝ կողքից օգնությունը բնավ էլ չէր խանգարի:

Փաշինյանը արդեն իսկ լծվել է Իջևանում իր դիրքերի ամրպանդման գործին , ըստ որոշ տեղեկությունների նրա մտերիմները հերթով տեղավորվում են աշխատանքի մարզպետարանում: Հետևաբար, կամ իշխանությունները պետք է իրենց խոսքի տերը լինեն և բացահայտեն, թե ովքեր են կանգնած անտառահատման գերշահութաբեր բիզնեսի հետևում, կամ էլ բացատրեն հանրությանը, թե այդ ինչպես է ստացվում, որ անտառ հատելը ապօրինի դարձավ ընդամենը շարքային քաղաքացիների համար, իսկ որոշ խմբեր դեռ շարունակում են արտոնյալ դիրքեր գրավել և առանց որևէ խոչընդոտի անել իրենց սև գործը: Ի՞նչ կապ ունեն ներկայիս պաշտոնյաները այդ խմբերի հետ և ի՞նչ  ստվերային համաձայնություն է գործում, որի մասին նորերը համեստորեն նախընտրում են լռել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *