ՀՀԿ-ն կարոտել է սովետը…

timthumb

Բերդի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանը ցանկանում է դառնալ Բերդ խոշորացված համայնքի ղեկավար: Խոշորացված Բերդ համայնքը ներառում է Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր: Հետաքրքիր է, որ Հարություն Մանուչարյանը դեռևս ԽՍՀՄ ազդեցության տակ է գտնվում: Նրա նախընտրական պաստառների վրա գրված է «Հանուն Շամշադինի» կարգախոսը: Թերևս, տեսարանն ամբողջական դարձնելու համար պակասում է միայն սովետական Հայաստանի զինանշանը: Շամշադինը Բերդի տարածաշրջանի ԽՍՀմ շրջանի պաշտոնական անվանումն է. այն ունի պարսկական ծագում:

Փաստորեն, Հարություն Մանուչարյանը մեծ երազանք ունի աշխատելու հանուն սովետական Հայաստանի շրջաններից մեկի, բայց դա անում է անկախ Հայաստանի հաշվին: Ինչպես երևում է՝ իշխող Հանրապետական կուսակցության աշխարհընկալման մեջ փոփոխություններ սպասելը միամիտ լավատեսություն է, կամ գուցե նրանք որոշել էին նոր ոգու մուտքը սեփական շարքեր՝ սահմանափակել միայն Կարեն Կարապետյանով: Ի դեպ, վերջինս էլ օրերս կատակել է, թե՝ «պոլիտբյուրոն ոնց որ թե մեռել է»: Կարապետյանի կուսակցական ընկեր Հարություն Մանուչարյանը հենց այդ պոլիտբյուրոյի ամրության և դիրքերը չզիջելու պատրաստակամության վկայությունն է: Հետաքրքիր է՝ նա գիտակցո՞ւմ է, որ մի քաղաքի քաղաքապետ է, որը գրեթե պատերազմական վիճակում է և վայելում է թշնամու հետ սահմանակից լինելու ողջ քացրությունը: Նա գիտակցո՞ւմ է, որ ինքն անկախ Հայաստանի քաղաքի քաղաքապետ է, թե՞ նրան այդ մասին պարբերաբար պետք է հիշեցնել: Այժմ էլ Մանուչարյանը ցանկանում է իր սովետից ի պահ ստացած գիտելիքները և գաղափարները տարածել խոշորացված համայնքների վրա: Այդ համայնքներին, իհարկե, կարելի է միայն ցավակցել, բայց ցավակցանքի արժանի ենք մենք բոլորս, քանի որ այս մտածողությունը միայն Մանուչարյանինը չէ, միայն համայնքներում չէ, իշխանության մեջ այն համատարած է և արմատացած՝ անգամ ՀՀԿ բարձր էշելոնում, որը որոշում է մեր երկրի ապագան: Խորհրդային ստանդարտները դեռ ուժի մեջ են, և թերևս դա է պատճառը, որ առաջ գնալու փոխարեն՝ մենք միայն հետ ենք շարժվում՝ թե՛ քաղաքակրթական, թե՛ մնացյալ գործընթացներում հայտնվելով լուսանցքում և դիտորդի կարգավիճակում:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *