ՀՀԿ-ն հայտնվեց իր իսկ լարած թակարդում

timthumb (19)

Այս աշնանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը կստանա մեկ միավոր համայնքի կարգավիճակ: Մարզի 4-5 համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները որոշել են բոլորն էլ առաջադրվել, թեև կուսակցությունը բոլորովին այլ թեկնածու է ցանկանում առաջադրել: Ինտրիգը կայանում է նրանում, որ նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում համայնքները խոշորացվելու են: Մասնավորապես՝ ձևավորվելու է խոշորացված համայնքների երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի: Մարմաշենի փնջի մեջ միավորվել է 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն)»: Տարածաշրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ 15 համայնքների ներկայիս ղեկավարներն էլ ցանկություն ունեն լինելու միավորված միավորի ղեկավար: Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին համայնքների խոշորացմանը՝ կարծիքները տարատեսակ են, սակայն հիմնականում այն գյուղերում, որտեղ այս տարիների ընթացքում գյուղական իշխանությունների կողմից աշխատանքներ իրականացվել են եւ դրանք տեսանելի են համայնքի համար, բացասաբար են վերաբերվում խոշորացմանը:
Համայնքների խոշորացման քաղաքական տեսլականը իշխող կուսակցության համար մեկն էր՝ ընտրություններին ձայն բերելու հարցում շատ ավելի հեշտ է պայմանավորվել մեկ համայնքապետի հետ, քան 14-15 համայնքապետերի: Այժմ ՀՀԿ-ն ցանկանում է խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել հենց նման մեկին, ում կկարողանա ամբողջությամբ վերահսկել, միայն թե ՀՀԿ-ում հաշվի չէին առել այն փաստը, որ հանրապետական գյուղապետերի քաղաքական ամբիցիաները ոչնչով չեն զիջում կուսակցության վերին էշելոնին: Իհարկե, կան համայնքապետեր, որոնք այս քայլի մեջ անարդարություն են տեսնում, գտնում են, որ իրենց փորձը շատ ավելի օգտակար կլինի, քան եթե ՀՀԿ-ի տեղական կառույցը դրսից մարդ բերի:
 
Որոշ գյուղապետեր պատրաստվում են աչք փակել կուսակցության որոշումների վրա և ամեն գնով առաջադրվել: Այդ համառների շարքում են՝ Մայիսյանի համայնքապետ Հակոբ Բաղդասարյանը, Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը, Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը. Քեթիի համայնքապետ Թորգոմ Սահակյանը. Հացիկի գյուղապետ Կարեն Ներսիսյանը: Ակնհայտ է, որ ՀՀԿ ստորին բուրգում նույնպես արշալույսները խաղաղ չեն, իշխող քաղաքական ուժն ընկել է իր իսկ լարած թակարդը և այժմ էլ ստիպված է հարթել ներկուսակցական հերթական գզվռտոցը: Իհարկե, վաղ է խոսել ՀՀԿ պառակտման մասին, չնայած որ դրա նախադրյալները կան և վաղուց, այնուամենայնիվ, 2018-ին ընդառաջ՝ Հանրապետականը կոնսոլիդացման և հատվածայնության հաղթահարման խնդիր ունի: Սա ընդամենը մեկ համայնք է: Չի կարելի բացառել, որ խոշորացված մյուս համայնքների ղեկավարները ևս կընդդիմանան ՀՀԿ տեղական կառույցների որոշմանը: Եթե խմբավորումների, թևերի և բևեռների բաժանվելը ՀՀԿ-ի համար ավանդույթ դառնա, դա լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամի կարող է հանգեցնել:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *