ՀՅԴ-ն դեմ չի գնա սևով սպիտակի վրա գրվածին

timthumb

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դաշնակցությունը 2018 թվականին չի ունենա իր վարչապետի թեկնածուն. «Ամեն ինչ շատ պարզ է, ամեն ինչ շատ հստակ է։ Կա այսօր քաղաքական կայուն մեծամասնություն, կա կոալիցիոն համաձայնագիր։ Քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահ ընդունվող իր առաջնորդը, և ճիշտ ժամանակին, ես վստահ եմ, որ քաղաքական մեծամասնության առաջնորդը իր կուսակցությանը և կոալիցիոն գործընկերոջը ներկայացնելու է, թե ով ինչով պետք է զբաղվի։ Եվ այդ ժամանակ հստակ կլինի ամեն ինչ։ Այսօր դուք որքան էլ փորձեք, որքան էլ փորփրեք, չեք կարող իմանալ։ Դաշնակցությունը չունի վարչապետի թեկնածու։ Ինչո՞ւ չունի, որովհետև այդ հարցն ինքնին անիմաստ է. մենք ունենք կոալիցիոն համաձայնագիր Հանրապետական կուսակցության հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը Հանրապետական կուսակցության իրավունքն է։ Մենք դա ստորագրել ենք, ինչպե՞ս մենք կարող ենք թեկնածու առաջադրել»։

Անդրադառնալով 2017 թվականին առնչվող խնդիրներին, ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց. «Կան մի քանի կարևոր թեմաներ: Այդ թեմաներից առաջինը խորհրդարանական ընտրություններն էին: Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից` փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ` ընտրական, քարոզչական երկու ուղղություն դուրս մնաց, մեկը պոպուլիզմն էր, մյուսը` պարտվողական դիրքորոշումները: Դրանք չկարողացան հաղթահարել ընտրական շեմը, և ժողովուրդն էլ դրանց դուրս թողեց»,- ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ երկրորդ կարևոր իրողությունը ԵՄ-ի հետ համապարփակ և գործընկերային համաձայնագրի ստորագրումն, է, որը մի քանի տարվա ընդմիջումից հետո հնարավոր դարձրեց մեր քաղաքական բալանսավորումը. «Երբ 2013-ին մենք մտանք ԵԱՏՄ, եվրոպական մեր գործընկերները մեծ ճնշման տակ էին պահում Հայաստանը: Մեր ճիշտ վարած արտաքին քաղաքականությունը հնարավորություն տվեց իրականացնելու ոսկերչական աշխատանք, ու  «և, և»-ի քաղաքականությունը հնարավոր դարձավ»,- ասաց պատգամավորը:

Ի թիվս այլ խնդիրների՝ Վարդանյանը կարևորեց նաև Կառավարության գործունեությունը, որի արդյունքում 2017 թվականը փակում ենք բավականին դրական ցուցանիշներով: «Այս տարվա համար բյուջեում նախատեսված էր 3,2 տոկոս աճ, բայց տարին կփակենք 6,7 տոկոս աճով: Բացի այդ` առաջին անգամ մեր արտահանման ծավալները ռեկորդային են դարձել: Խորապես համոզված եմ, որ որդեգրված քաղաքականությունը տնտեսությունը շարժելու է մեռած տեղից, ինչն էլ կդառնա սոցիալական անարդարության խնդրի լուծման հիմք»,- ասաց նա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *