ՀՅԴ-ում Աղվան Վարդանյանին կասկածում են սեպարատիզմի մեջ

timthumb

Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է ձևավորվել ՀՅԴ-ում: Դաշնակցական վերնախավի հարցազրույցներից երկակի տպավորություն է ստեղծվում, կարծես թե դերերի հստակ բաժանում է տեղի ունեցել: ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 2018-ին ընդառաջ ջանք չի խնայում գործող կառավարությանը գովերգելու համար: Մասնավորապես, իր վերջին հարցազրույցում Ռուստամյանը հայտարարել է, թե կարծում է, որ Կարեն Կարապետյանի գալով իսկապես մի նոր շունչ մտավ կառավարման համակարգի մեջ, այն նորարությունները որ սկսվել էր իրականացվել, դրանք ժամանակ են պահանջում, բայց հանրությունը այն դեռ կտեսնի իր կենցաղում: «Տեմպերը կարող են գոհացնող չլինել, բայց ուղղությունը, որը վերցրել է կառավարությունը, 99 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին»- ասել է Ռուստամյանը: «Մեր» ասելով Ռուստամյանը թերևս նկատի ունի իր պատկերացումները, քանի որ դրանք ակնհայտորեն չի կիսում Ռուստամյանի կուսակից ընկեր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինս իր հերթին կասկած անգամ չունի, որ 2018-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է քաղաքական մեծամասնության ղեկավար Սերժ Սարգսյանը: Վերջին հարցազրույցում Վարդանյանը ասել է թե ակնհայտ է՝ այսօր հանրապետության նախագահը իր փորձառությամբ, իր հմտություններով, իր գիտելիքներով իսկապես շատ կարևոր դերակատարություն ունի և կարող է շարունակել իր դերակատարությունը: Այդ դերակատարությունը անհրաժեշտ է պետությանը, սա ևս ակնհայտ է:
Բանը հասել է նրան, որ ՀՅԴ-ում գոյացել է ոչ լիակատար վստահության մթնոլորտ՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հանդեպ։ Բանն այն է, որ կուսակիցները կասկածներ ու ենթադրություններ ունեն, որ ընկեր Աղվանը սեպարատ շփումների միջոցով փորձում է ապահովել սեփական ապագան 2018-ի կառավարությունում՝ առանց հաշվի առնելու կուսակիցներին:
Մի բան ակնհայտ է, կամ ՀՅԴ-ում փորձում են և՛ մեխին հարվածել, և՛ նալին, քանի որ չունեն հստակ պատկերացում 2018-ի ներքաղաքական սցենարի մասին, այսպիսով դաշնակցականները անվտանգության բարձիկներ են նախապատրաստում իրադարձությունների զարգացման երկու հնարավոր տարբերակների դեպքում էլ: Մյուս կողմից չի բացառվում, որ ընկերվարական կուսակցությունում իրոք արշալույսները խաղաղ չեն, և դաշնակցական գործիչներից յուրաքանչյուրը փորձում է լուծել իր ապագայի հարցը, ապահովելով իր բաժին տաք տեղը: Ինչպես ասում են՝ մահ կամ իշխանություն…
 Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *