Արցախի թիկունքում ողջ հայ ժողովուրդն է. Արման Վարդանյանի ուղերձը` արցախցիներին

«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը` Արցախի պետական անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Սիրելի′ արցախցիներ,

Սրտանց շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հանրաքվեի 25-ամյակի ու ԼՂՀ առաջին Սահմանադրության ընդունման 10-ամյակի կապակցությամբ: Ուղիղ քառորդ դար առաջ, դուք, իրացնելով մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ հանրաքվեի ճանապարհով անկախ պետությունում ապրելու և արարելու որոշում ընդունեցիք:

Ձեզ պարտադրված անհավասար գոյամարտում դուք հաղթեցիք ու հազարավոր հայորդիների արյան գնով նվաճեցիք հայրենիքում անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անբեկանելի իրավունքը: Արցախի ազատությունն ու անկախությունը բարձրագույն արժեքներ են, որոնք սակարկման առարկա չեն կարող լինել:

Համայն հայության միասնական ջանքերով այսօր Արցախ աշխարհն անառիկ է: Արցախի ժողովուրդն իր կամքի, հավատի ու ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ շարունակում է անկախ պետականության կերտման, զարգացման և հզորացման ճանապարհը:

Սիրելի′ արցախցիներ,

Դուք միայնակ չեք ձեր պայքարում, քանի որ ձեր թիկունքում ողջ հայ ժողովուրդն է: Դուք հայության եռամիասնության խորհրդանիշն եք:

Կրկին ու կրկին շնորհավորելով անկախության հանրաքվեի հոբելյանական տարեթվի առթիվ՝ Արցախ աշխարհին մաղթում ենք խաղաղություն, Արցախի իշխանություններին` պետականաշինության գործում նորանոր ձեռքբերումներ, Արցախի ժողովրդին’ անկոտրում կամք, ստեղծագործ աշխատանք ու բարեկեցություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *