Հոգևոր դասը՝ Բագրատյանի «բարեփոխումների» մասին

timthumb (2)

Երեկ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում դարձյալ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն՝ ներկայացնելով բարեփոխումների շարք, որոնք, ըստ տնտեսագետի, անհրաժեշտ են մեր եկեղեցուն: Մասնավորապես, իր գրառման 5-րդ կետում Բագրատյանը գրում է. «Յուրաքանչյուր տարվա սկզբին ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգևոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱՍԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱՍԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ-ի 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը»։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ անիմաստ է հայ եկեղեցուն մեղադրել հարկ չվճարելու մեջ, քանի որ եկեղեցին մշտապես պատշաճ հարկ վճարող է եղել:

Դիտարկմանը, որ նախկին պատգամավորն առաջարկում է վերջ տալ նաև այս կամ այն գործարարի կամ օլիգարխի կողմից եկեղեցուն տարածք նվիրաբերելու սովորությանը, հոգևորականը պատասխանեց. «Եկեղեցուն երբեք որևէ մեկը տարածք չի նվիրել: Այն նվիրաբերությունները, որոնք պետությունը տալիս է եկեղեցուն, այն նվազագույնն է, որ կարող է անել: Հիմա ես հարց եմ բարձրացնում. իսկ եթե եկեղեցին պետության առաջ խնդիր դներ և օտարի պես պահանջեր վերադարձնել մինչև1920 թվականի ունեցվածքը, արդյո՞ք կկարողանար պետությունը վերադարձնել, արդյո՞ք Կառավարությունը կարող է ետ տալ եկեղեցուն այն, ինչ եկեղեցին ունեցել է: Կարո՞ղ է արդյոք եկեղեցին իրեն այդպես օտարի պես պահել և պահանջներ ներկայացնել պետությանը»,-հարց է հնչեցնում Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով, որ բագրատյանական ինչպես նախկին, այնպես էլ վերջին հակաեկեղեցական գրառումները համարում է զառացանք:

Մեզ հետ զրույցում Հրանտ Բագրատյանի տեսակետները մեկնաբանել չցանակացավ նաև Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ խոստանալով դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել իր հաղորդումներից մեկում. «Այդ մարդը ավանակի վրա թարս նստած՝ շարունակում է իր դոնքիշոտյան ճանապարհորդությունը, նրան պատասխանել պետք է անշուշտ, և ես դրան կանդրադառնամ իմ հաղորդման շրջանակներում»,-ընդգծեց հոգևորականը:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ բարեփոխումների՝ Հրանտ Բագրատյանն առաջարկում է դադարեցնել ՀԱՍԵ-ին պետության կողմից հողեր և այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱՍԵ-ն և մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին: ՀԱՍԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։ Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱՍԵ-ի սպասավորների ցանկում։

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *