Հովիկ Աբրահամյանին «օպտիմալացրել» են…

timthumb (7)

Վերջին շրջանում մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը և իշխանությունները համաձայնության են եկել Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում՝ ընտրելով կոմպրոմիսային անձի: ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Վերջինս եղել է նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով՝ Արարատի մարզում, սակայն մեծ արդյունք չի գրանցել, քան որ Արամայիս Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը եւ Ալիկ Սարգսյանն էին ՀՀԿ-ի համար հիմնականում ձայն ապահովողները: Բենիամինյանն այդ ժամանակ ստացել էր ընդամենը 1239 ձայն: Ստացած ձայները, հնարավոր վարկանիշն առ ոչինչ են քաղաքական հավակնություն ունենալու համար, երբ առաջ են քաշվում քավոր-սանիկական, բարեկամական, խնամիական կապերը: Կարեն Բենիամինյանը Արարատում ՀՀԿ-ի հենարաններից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (հայտնի է Գազի Հովո անունով) սանիկն է, իսկ Հովհաննես Ղազարյանն էլ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների ազդեցության տակ է գտնվում:
Մամուլում նաև տեղեկություն տարածվեց, որ Բենիամինյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի հետ ընկերական փոխհարաբերություններ ունի: Եվ հենց սա է պատճառը, որ Աբրահամյանները համաձայնել են գնալ փոխզիջման: Իրականում, վերջին զարգացումները վկայում են այլ իրողության մասին: Արտաշատի փոխքաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը հրաժարական է տվել փոխքաղաքապետի պաշտոնից: Ենթադրվում էր, որ Աբրահամյանների թեկնածուն հենց նա էր լինելու: Տեղեկություններ կան, որ Պողոսյանն ընդհանրապես պատրաստվում է լքել երկիրը: Ստացվում է, որ Աբրահամյանների՝ Արտաշատն իրենց ձեռքում պահելու փորձերն իշխանությունները կասեցրել են սաղմնային վիճակում: Հետևաբար, հարց է առաջանում՝ նման կոշտ պատասխանից հետո արդյո՞ք կարելի է խոսել որևիցե փոխզիջման կամ երկու կողմի համար ընդունելի թեկնածուի մասին:
Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. Սա է պատճառը, որ Աբրահամյանները չունեն ռեսուրս՝ պայքարի դուրս գալու ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ, որոնք խորհրդարանական ընտրություններում ապահովել են ամենաշատ ձայները ՀՀԿ-ի համար: Նախկին վարչապետը չի կարող չգիտակցել, որ մի բան է ձիու վրա լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»: Եվ այժմ Հովիկ Աբրահամյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ դեռ խաղի մեջ է, և նրան այլ բան չի մնացել, քան մամուլում իրեն ձեռնտու շեշտադրությամբ արտահոսք կազմակերպելը՝ ցույց տալու համար, որ քաղաքը դեռ ամբողջությամբ իրենց վերահսկողությունից դուրս չի եկել: Այն, որ իշխանությունները չունեն Աբրահամյանի հետ համաձայնության գալու ոչ նպատակ, ոչ էլ ցանկություն՝ վկայում են վերջին իրադարձությունները: Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը, որի համասեփականատեր է հանդիսանում Հովիկ Աբրահամյանը, տևական ժամանակ է` չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: ՀՀ Արարատի և Սյունիքի մարզերի երեք դպրոցներ դիմել են ֆինանսների նախարարություն` պահանջելով «Արտֆուդ»-ին ներառնել սև ցուցակում: Դժվար թե ֆինանսների նախարարությունը մերժի այս պահանջը: Հովիկ Աբրահամյանին այլ բան չի մնում, քան ընդունել իր լիակատար պարտությունը, «ընդունել» նախագահ Սերժ Սարգսյանի միանշանակ «իրավացիությունը», և այն, որ իր պայքարը հիմա ընդամենը «պղտոր ջրերի» դեմ է: Այժմ Աբրահամյանը մնացել է մենակ: Վարչապետության ընթացքում նրա գլխավոր հենարանը Գագիկ Ծառուկյանն էր, ով այսօր, սակայն, չի շտապում կանգնել իր խնամու կողքին: Դեռ երկու տարի առաջ ՀՀԿ խորհրդի նիստում Հովիկ Աբրահամյանը «բամփում» էր իր խնամի Ծառուկյանին՝ հայտարարելով, որ եթե մի քանի անգամ ասել են, նա չի հասկացել, պետք է «բամփել»: Ծառուկյանն էլ, որն ասել էր, թե այլևս չի վերադառնալու, երկու տարի անց հանկարծ վերադարձավ, կարծես ոչինչ չէր էլ եղել, բայց ակնհայտ է, որ մտապահել է 2015-ի փետրվարին իր խնամու՝ մեղմ ասած՝ ոչ բարեկամական, սխալ պահվածքը: Այժմ Ծառուկյանի կարգավիճակում հայտնվել է ինքը՝ Աբրահամյանը, ով որոշել է մեկ անգամից հասկանալ իշխանության և հատկապես Արտաշատի նոր «ասողների» կողմից իրեն հղված մեսիջները և դուրս գալ խաղից՝ մշտապես աչքի տակ ունենալով «բամփվելու» հեռանկարը…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *