Հովիկ Աբրահամյանն Ալիևի՞ն է լսեցնել տալիս…

հա

Ամեն անգամ, երբ Կառավարության նիստերին խոսվում է Հայաստանում գրանցած տնտեսական աճի մասին, երբ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով ասենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացրած ինչ-որ անհայտ ծագման թվերի վրա, սկսում է իր կառավարության անդամներին ու ողջ հայ ժողովրդին ականջալուր դարձնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված «աննախադեպ» տնտեսական աճի մասին՝ որակական փոփոխութոյւններով համեմված, սովորական քաղաքացու մոտ, որը հազիվ է չարքաշ աշխատանքով հանապազօրյայի խնդիրները լուծում, մի շատ բնական հարց է առաջ գալիս՝ լա՛վ, եթե Հայաստանը մի փոքր է հետ մնում ասենք Դանիայի մակարդակից, ինչո՞ւ ես, գրո՛ղը տանի, օրըստօրե է՛լ ավելի եմ աղքատանում, ինչո՞ւ եմ ես «հացին կակա ասում»:

Երեկ, օրինակ, անդրադառնալով տնտեսական աճի մասին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակմանը՝ վարչապետ Աբահամյանը հայտարարել էր, թե առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, գրանցվել է 2,5, իսկ եռամսյակում՝ 5,1% տնտեսական աճ:

«Արդյունքում ունենք 4,5% կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևորում եմ գյուղատնտեսական ոլորտում արձանագրվող աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստները, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը»,-ասել էր վարչապետն ու հավելել, թե ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի:

Ամենևին էլ չցանկանալով մեզ վրա հավելյալ պատասխանատվություն վերցնել ու սկսել արմատապես վիճարկել այն բոլոր թվերն ու վիճակագրական տվյալները, որոնցից Աբրահամյանն օգտվել է սեփական խոսքը կազմելիս ու ելույթը հնչեցնելիս՝ կցանկանայինք, սակայն, նկատել, որ, եթե ամեն բան այդքան լավ լիներ ու Հայաստանն էլ զարգացման դինամիզմի խնդիր չունենար, չենք կարծում, որ ժողովուրդը ստիպված պիտի լիներ գիշեր-ցերեկ կենաց-մահու պայքար մղել իր իրավունքների ու սոցիալական բարեկեցության համար այն նույն եռանդով, որով հիմա է պայքարում հրապարակներում ու փողոցներում:

Եթե Հայաստանում, իրոք, տնտեսական աճ գրանցված լիներ, իսկ այդ թվերն էլ չլինեին բացառապես ԱՎԾ-ի նկարչական տաղանդի արտահայտման յուրատեսակ կերպ, ապա բնակչության եկամուտները պակասելու փոխարեն ավելացած կլինեին, ու մարդիկ ստիպված չէին լինի իրենց վաստակի 90%-ը ծախսել բացառապես հաց ու պանիր գնելով: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեջբերված թվերը համապատասխանում են իրականությանն, ու մեր երկրում, իրապես, գրանցվել է որակական տնտեսական աճ, ապա այս պարագայում էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ եկամուտների հավասար բաշխումը, որն, ինչպես հայտնի է, կարևորագույն նշանակություն ունեցող գործոն է՝ իրական զարգացում ապահովելու ճանապարհին:

Պարզ է մեկ բան՝ որ կողմից  հարցը դիտակելու էլ լինես, ակհայտ է, որ ախորժելի ելույթներով ու ինչ-որ անիրական թվեր հնչեցնելով ոչ մի կերպ չես կարող նպաստել այն օրհասական խնդիրների լուծմանը, որ կուտակվել է Հայաստանում. ելույթները չէ, որ մարդկանց կերակրելու են, անիրական տոկոսները չեն, որ հավելյալ աշխատատեղեր են ստեղծելու բնակչության համար…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *