Հռոմի Պապի ուխտագնացությունը. այցի քաղաքական ենթատեքստերն՝ ըստ միջազգային մամուլի

պապ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռն ընդամենը ժամեր անց վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հայաստան կատարելիք այս պատմական այցն ուխտագնացություն է անվանել. այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում’ Հայաստանում’ առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- այս խոսքերով էր Պապը դիմել իր լսարանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ Հայաստան կատարելիք այցը սովորական քահանայապետական այց չէ, այլ ուխտագնացություն դեպի մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը:

«Կարծում եմ’ այս այցելությունը նախևառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատև պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի Պապն իր երախտագիտությունը և հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձևավորվել է քրիստոնեական ոգով և կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաև շատ կարևոր է սփյուռքի հայերի համար»,- իտալական L aStampa պարբերականի հետ զրույցում նման խոսքերով է Հռոմի Պապի այցը բնութագրել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում:

Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին, խոսելով այցի մասին, նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև կիսելու հայերի՝ խաղաղության ձգտումը: Նա տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:

Պապի հայաստանյան այցն արդեն երկար ժամանակ է գտնվում է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այցի մասին գրում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: Մասնավորապես, իտալական RomeReports-ը նշում է, որ առաջիկա այցի ընթացքում Հռոմի Պապը կխոսի կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման մասին, առաջ կտանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման գաղափարը:

Reuters-ը հայաստանյան այցի մասին նյութը հրապարակել է հետևյալ խորագրով. «Թուրքիային «ցեղասպանություն» եզրույթով բարկացնելուց հետո Հռոմի Պապը կայցելի Հայաստան»:

Բրիտանական The Guardian-ը գրում է. «Հռոմի Պապը կայցելի Ցեղասպանության հուշահամալիր: Ակնկալվում է, որ նա չի կիրառի «ցեղասպանություն» եզրույթը՝ խուսափելու Թուրքիայի և Վատիկանի միջև լարումից»:

Ամերիկյան Wall Street Journal-ը նշում է. «Հռոմի Պապը կայցելի Հայաստանում Ցեղասպանության հուշահամալիր: Պապական եռօրյա այցը կշրջանցի Ադրբեջանը, սակայն սպառնում է հակասել Թուրքիային»:

Բրիտանական Independent-ը ևս իր հոդվածը կենտրոնացրել է այն փաստի վրա, թե արդյոք Հռոմի Սրբազան Քահանայապետը Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիրում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը:

«Հռոմի Պապը եռօրյա այցով կմեկնի Հայաստան՝ սկսելու մի ուղևորություն, որը կփորձարկի Վատիկանի ու Թուրքիայի արդեն իսկ լարված հարաբերությունները»,- գրում է NBC News-ը, որը ևս հետաքրքրվում է՝ արդյոք Պապը կարտաբերի «ցեղասպանությունը» եզրույթը: «Պապի այցը տեղի կունենա պաշտոնապես ի նշան հարգանգի մի երկրի կարգավիճակի, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,- գրում է լրատվամիջոցը:

Գերմանական Deutsche Welle-ն ևս լայնածավալ հոդված է պատրաստել Ֆրանցիսկոս Պապի այցի առնչույթամբ, որում նշում է. «Հայաստանը պատրաստվում է Հռոմի Պապի այցին: Նրա այցը լինելու է երկրում վերջին տասնամյակի ամենանշանակալի կրոնական իրադարձությունը»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *