Հրեական դաս՝ Սփյուռքի նախարարության համար

Capture

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իրականում, տպավորություն է, որ ողջ Սփյուռքի նախարարությունը աշխատում է հենց այս ծրագրի վրա: Ընդ որում, «Արի տուն»-ը չունի բովանդակություն և ավելի շատ հիշեցնում է քարոզչական անհաջող նախագիծ, որի ստվերում լվացվում են պետական փողեր, արժեզրկվում է հայրենադարձության գաղափարը, որն այնքան կարևոր է Հայաստանի համար: Եթե նախարարությունը ստեղծվել է Հրանուշ Հակոբյանին աշխատանքով ապահովելու նպատակով, ապա վաղուց ժամանակն է նրա համար ավելի հարմար աշխատատեղ գտնել և սպառնալիքի տակ չդնել ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ապագան:

Շատ դեպքերում ձախողումները և հաջողությունները երևում են համեմատության մեջ: Բոլոր հնարավոր պարամետրերով ՀՀ Սփյուռքի նախարարության արդյունավետությունը հնարավոր է դիտարկել՝ համեմատելով այն Իսրայելի համապատասխան գերատեսչության հետ: Իսրայելը և Հայաստանն այն եզակի երկրներից են, որոնք ունեն ցեղասպանության արդյունքում ձևավորված սփյուռք: Մեր երկրները նման են նաև այն տարածաշրջանային իրավիճակով, որում ստիպված են լինում առաջ տանել իրենց շահերը: Նման ենք անգամ սփյուռքի աշխարհագրությամբ՝ թե՛ հրեական, թե՛ հայկական սփյուռքը կենտրոնացած է հիմնականում ԱՄՆ-ում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և Եվրոպայում: Տարբերությունը թերևս մեկն է՝ մեր սփյուռքը հաշվառվում է 7 միլիոն, հրեաներինը՝ 10: Սակայն ի տարբերություն մեզ,հրեաներն իրենց 3 միլիոնով ավել սփյուռքի հետ աշխատում են նախանձելի արդյունավետությամբ: Իսրայելի Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2009 թվականին: Ընդ որում, կառույցն այնքան հեղինակավոր է եղել հրեական Սփյուռքի աչքերում, որ անգամ Բենյամին Նեթանյահուն՝ Իսրայելի նախկին վարչապետը, պատիվ է համարել զբաղեցնել նախարարի պաշտոնը: Նախարարության կարևորությունը հրեական պետության համար արտահայտվում է նաև ֆինանսական աջակցությամբ՝ պետական սուբսիդիաների թվով Սփյուռքի նախարարությունը երկրորդն է՝ ռազմական գերատեսչությունից հետո:

Մեր ձախողված  «Արի տուն» ծրագրի համարժեքը հրեաների մոտ «Թագլիթ» ծրագիրն է: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ոչ թե հրեա երիտասարդների ճանաչողական այցեր և ամառային ճամբարներ, այլ սա բառի բուն իմաստով հայրենադարձության ճանապարհային քարտեզ է: Սփյուռքում բնակվող հրեաներին ֆինանսական, տեխնիկական, խորհրդատվական ծառայություններ են մատուցվում, նրանք մոտիվացվում են վերադառնալ հայրենիք: Այսօր սփյուռքում ապրող հրեաներին երկրի կառավարման համակարգում ներգրավելու նպատակով Իսրայելում բացակայում է երկրում ապրելու ժամանակային ցենզ, ինչպիսին առկա է Հայաստանում: Ցավոք սրտի, մեր Սփյուռքի նախարարությունը գործում է տուրիստական գործակալության մակարդակում և հոգեբանությամբ: Ընդ որում, սփյուռքահայ երիտասարդներից եզակիներն են, որ ծրագրի ավարտից հետո ցանկություն են հայտնել մնալ հայրենիքում: Սփյուռքը, իհարկե, շատ լավ է հասկանում՝ ինչին է ծառայում իր համար ստեղծված այս կառույցը:

Հաջորդ տարբերությունը՝ Իսրայելի Սփուռքի հարցերով նախարարությունը չի խորշում զբաղվել հանրային դիվանագիտությամբ, բարձրաձայնել հարցեր, որոնք առնչվում են այլ երկրներում բնակվող հրեաների իրավունքների պաշտպանությամբ: Դժվար է հիշել գոնե մեկ դեպք, երբ ՀՀ Սփյուռքի նախարարությունը փորձել է դուրս գալ իր հարմարավետության գոտուց: Ընդ որում, հրեական կառույցը գիտակցաբար է ընդլայնել իր գործառույթների ծավալը՝ Իսրայելից դուրս բնակվող հրեաներին տեղեկություններ տրամադրելով տարածաշրջանում առկա հակամարտության վերաբերյալ պաշտոնական Թել Ավիվի դիրքորոշումների, ընթացիկ քայլերի մասին: Սա ենթադրում է Սփյուռքի նախարարության սերտ համագործակցությունը ԱԳՆ հետ: Ավելորդ է նշել, որ մեր երկրում ԱԳՆ իր պասիվությամբ ոչնչով չի զիջում սփյուռքի նախարարությանը, հետևաբար, համագործակցության մասին խոսելն անգամ անիմաստ է: Ոչինչ չանել, այս կառույցները կարող են նաև առանձին-առանձին:

Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարարությունը ներկայացրել է հատուկ մշակված ռազմավարություն՝ հրեական դեմոգրաֆիայի պահպանմանը միտված միջոցառումների ծրագրով: Իհարկե, եթե մեր Սփյուռքի նախարարությունը զբաղվի նաև այս հարցով, ապա  «Արի տուն» ծրագիրը կարող է կիսատ-պռատ կազմակերպվել, իսկ այդ դեպքում Հրանուշ Հակոբյանն իրեն պարզապես չի ների: Իսրայելի Սփյուռքի նախարարության մեկ այլ գործառույթն է ցեղասպանության արդյունքում իրենց սեփականությունը կորցրած հրեաների գույքի և ֆինանսական միջոցների վերադարձի կազմակերպումը: Որքան էլ որ աբսուրդային հնչի, մեր պարագայում այդ հարցով զբաղվում է հենց Սփյուռքը, անգամ իրավական մակարդակով որևէ աջակցության չարժանանալով պետության կողմից:

Վերջում՝ առաջարկ Սփյուռքի նախարարությանը: Հետևելով Իսրայելի սփյուռքի նախարարության օրինակին՝ Հայաստանի սփյուռքի նախարարությունը կարող է մշակել հայրենադարձությունը խրախուսող ծրագրեր: Թեև ռեսուրսները կարող են չբավարարել բնակարանային շինարարության և այլ ոլորտներում զանգվածային ներդրումներ կատարելու համար, նախարարությունը կարող է ներգաղթային համայնքային կենտրոններ ստեղծել և մշակել հատուկ ներգաղթային և հայրենի երկրում հարմարվելուն ուղղված ծրագրեր: Նման կենտրոնները կարող են ծառայել որպես առաջնային տեղեկատվական կենտրոններ հայրենիք վերադարձած հայերի համար, ինչը նրանց կօգնի հարմարվելու տեղի կյանքին և մշակույթին: Այս գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար վերոհիշյալ համայնքային կենտրոնները կարող են անվճար ինտերնետ, հարակից ծառայություններ, ինչպես նաև` խորհրդատվական աջակցություն առաջարկել հայրենիք վերադարձած հայերին:Նախարարությունը կարող է նաև համագործակցել աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ և ունենալ աշխատատեղերի բազա հայրենիք վերադարձած սփյուռքահայերի համար:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *