ՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ Ալումյան

timthumb

Այսօր կառավարության նիստից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակելու որոշմանը՝ ասել էր, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից։ Դա մարդկանց զգացմունքների հետ խաղալու եւ մանիպուլյացիայի միջոց է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Ժողովուրդը հայտնվել է դատավորի կարգավիճակում, սակայն լավ դատավորը վատ դատավորից տարբերվում է, քանի որ լսում է երկու կողմերին էլ: ՀՔԾ-ն խոսում է ամբողջ ժողովրդի և պետության անունից, սակայն չի կարելի ՀՀ անունից դատական ակտը համարել ապօրինի։ Նման հայտարարարությունները իրենք իրենցով ապօրինի են: ՀՔԾ-ն առավելագույնը ինչ կարող էր ասել՝ մենք համամիտ չենք և պատրաստ ենք բողոքարկել և ոչ թե ասել ապօրինի։ Ես այստեղ տեսնում եմ հաճոյանալու ցանկություն»,-ասաց փաստաբանը։

Ալումյանի կարծիքով՝ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանը ներկայացնում է տեղեկատվություն առանց բացատրելու, իսկ հանրությունն էլ հասկանում է ուղիղ՝ դատարանն ապօրինություն արեց.

«Չի կարելի նման բան անել առանց բացատրելու ու միանգամից ասել, որ դատարանն ապօրինություն արեց։ Չի կարելի նման բան, սա ուղղակի մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է։ Չի կարելի այսպես»,-ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *