Ձախողումն արձանագրվեց

timthumb

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է:

 

Դա պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ, և դա երևում է որպես բացասական: ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար): Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ, ուղղակի ներդրումներն ավելացել են 4.7 մլրդ դրամով: Բայց այս աճը գրանցվել է հիմնականում օֆշորային երկրներից արված ներդրումների հաշվին: Տեսակետ կա, որ գործող իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների՝ նախորդ տարիներին Հայաստանից հանված գումարներն են պտտվել օֆշորներում եւ որպես ներդրում՝ վերադարձել: Համենայն դեպս, ըստ ԱՎԾ-ի, միայն Ջերսիից 5.7 մլրդ դրամի ներդրում է իրականացվել, Կիպրոսից՝ 3 մլրդ դրամի եւ այլն: Իսկ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել է իր կապիտալը:

 

Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել. համենայն դեպս, այդ մասին են վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը: Եւս մեկ ցուցանիշ, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. շարունակաբար աճում է Հայաստանից կապիտալի արտահոսքը: Եթե հունվարին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար, ապա արդեն ապրիլին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ դառնալով 86.2 մլն: Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու խոստումներն ընդամենը նախընտրական բլեֆ էին, արված հանուն ՀՀԿ-ի։ Հիմա, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչապետին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի հաջողվի իրականացնել այդ խոստումը։

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *