Ձկան պես համրը…

timthumb

Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր Նախագահը: Այս փոփոխությունից անմիջապես հետո մեր երկրի ներքաղաքական կյանքում զգալի լարվածություն է արձանագրվել: Ընդդիմադիր ուժերը ոտքի են կանգնել` ընդվզելով իշխանությունների դեմ: Իշխանական առանձին օղակներ և ուժային կառույցներ ամեն կերպ փորձում են պահպանել ներքին կայունությունը: Իհարկե, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այս օրերին իրեն տալիս է հետևյալ հարցը՝ ի՞նչ է անում նորընտիր Նախագահը և ինչո՛ւ է նա լռում: Այս պահին Սարգսյանը դե յուրե պատասխանատու է երկրում ընթացող զարգացումների, տեղի ունեցող իրադարձությունների համար, մանավանդ որ, այսպես կոչված հանրային քարոզարշավի օրերին հասարակական տարբեր սեգմենտների խոստանում էր բոլոր հարցերի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումները: Ոչ վաղ անցյալում Արմեն Սարգսյանը հայտարարել էր. «Փորձելու եմ լինել ոչ միայն խորհրդարանի, այլև Հայաստանի քաղաքացիների նախագահը»: Բայց պարզվում է` նա չդիմացավ առաջին իսկ փորձությանը` իրեն դրսևորելով որպես իշխող մեծամասնության նախագահ: Սարգսյանի այդ վերացական հայտարարությունները որևէ արժեք չունեն, եթե նա չի արձագանքում կոնկրետ իրադարձություններին:

Սա հենց այն բացառիկ դեպքն է, երբ Արմեն Սարգսյանը խոսքի իշխանությամբ կարող է ազդել զարգացումների վրա` կանխելով լարվածության հետագա աճը: Իրականում, երկրում ստեղծված վիճակի, հոռի բարքերի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե այն ստեղծողները, այլ նրանք, ովքեր գալիս են դրսից` որպես փրկիչ, բարեփոխիչ և դառնում հասարակության հերթական հիասթափությունը: Սարգսյանի ժպիտը, ինչպես և Կարեն Կարապետյանի ժպիտը 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ նույն այդ նոր ոգու իմիտացիան է, սակայն Արմեն Սարգսյանի նախագահական առաքելությունը, ըստ էության, հենց դրանով էլ սահմանափակվում է: Նրա լռությունը լարված այս իրավիճակում՝ հենց այդ մասին էլ վկայում է:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *