Ճշմարտությունն՝ Արցախի մասին…

timthumb (2)

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի առնչությամբ: «2016թ. ապրիլին Հարավային Կովկասը վեց օր շարունակ նորից բռնկվեց: Հանդիպելով միջազգային անտարբերությանը’ Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ֆիյոնը:

 

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի խոսքով՝ այդ երկրի՝ հայկական ծագմամբ քաղաքացիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: «Ես նույնպես անհանգստացած եմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տարածաշրջանը պայթյունավտանգ է: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, ով 1921թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից’ հօգուտ Ադրբեջանի»:

 

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ապրիլյան պատերազմից մինչ օրս որևէ եվրոպացի պաշտոնյա չէր ցանկացել կամ հարկ չէր համարել հստակ գնահատականներ տալ տեղի ունեցածին: Անշուշտ՝ եղել են կողմերին զսպվածության աբստրակտ կոչեր, ինչը, բացի կրակի վրա յուղ լցնելուց՝ այլ կերպ չես անվանի:

 

Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն առանձնահատուկ զգուշավորություն էին դրսևորում իրենց հայտարարությունների և գնահատականների մեջ: Ֆիյոնը բացառությունը է: Ֆիյոնն ասաց ճշմարտությունը: Այլ հարց է՝ ո՞րն էր Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հիմնական շարժառիթը: Եթե Ֆրանսուա Ֆիյոնն այսկերպ փորձում է շահել հայ համայնքի համակրանքը և, հետևաբար, նաև ձայները, ապա սա ընդամենը նախընտրական հայտարարություն է, որը հարկավոր է դիտարկել միայն Ֆրանսիայում ընթացող նախընտրական մարաթոնի շրջանակներում:

 

Միևնույն ժամանակ՝ հարկ է նշել, որ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթողի հիմնական հավակնորդն է ըստ վերջին սոցհարցումների: Իսկ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային դերակատարներից մեկը: Այս դեպքում Ֆիյոնի նման տեսակետը կարող է դառնալ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշում և իր ազդեցությունը թողնել բանակցային գործընթացի վրա:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *