Ճրագալույցի պատարագից հետո սկսվում է Սուրբ Հարության տոնը (տեսանյութ)

timthumb (1)

Ավագ շաբաթը Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատման հիշատակության օրն է: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն’ ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:

Հիսուս Քրիստոսը Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ, ըստ հրեական օրենքի, հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը: Կիրակի առավոտյան յուղաբեր կանայք’ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սաղոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը’ թափուր:

Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ»: Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուս երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ըստ Եկեղեցական վարդապետության’ Հիսուս Քրիստոսը գերեզման դրվելով’ իջնում է դժոխք և ավերում այն’ փրկություն շնորհելով արդարների հոգիներին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ դեպի Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *