Մահեր կալանավայրերում. պետությունը պետք է պատժի, ոչ թե սպասի հիվանդ կալանավորի վախճանին

timthumb

«Խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած քրեակատարողական հիմնարկներում իրականացվեցին ենթակառուցվածքային փոփոխություններ, որոնք հիմնականում գերբեռնվածության հարցը լուծեցին: «Արմավիր» քերակատարողական հիմնարկն արդեն շահագործման է հանձնվել, պատրաստվում ենք շահագործման հանձնել նաև Գորիսինը: Իսկ ինչ վերաբերում է առկա խնդիրներին, ապա պետք է նշեմ, որ դրանց վերջնական լուծման համար ժամանակ է պետք»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը:

Անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմխիթար պայմաններին՝ Սահակյանը նշեց, որ «Նուբարաշեն»-ում դրանք պայմանավորված են շատ խնդիրների հետ, որոնց կարելի է վերջ տալ միայն մեկ դեպքում. «Պետք է պարզապես կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ»:

Անդրադառնալով ասուլիսի մասնակից՝ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի դիտարկմանն, ըստ որի, կալանավայրերում հայտնվում են մարդիկ, ովքեր ունեն առողջական այնպիսի խնդիրներ, որոնց դեպքում պետք է փոխել կալանավորի պահման պայմանները, հակառակ պարագայում՝ արձանագրվում են մահեր, Սահակյանը նշեց. «Կալանավայրում հայտնված մարդկանց համար կա կառավարության կողմից կազմված հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում կալանավորի պահման պայմանը փոխվում է, իսկի եթե այդ ցանկում տվյալ կալանավորի հիվանդությունը ներառված չէ, ապա պահման պայմանները չեն կարող փոխվել»:

Չհամաձայնելով Սահակյանի պատասխանի հետ՝ Զառա Հովհաննիսյանը նշեց. «Պետք է պատժվի կալանավորը, ոչ թե գնա կալանավայր ու մահանա: Մենք կալանավայրերում ունենում ենք մահվան դեպքեր, և դրանց պատճառը պատժի կրման հետ չհամապատասախանող հիվանդությունների ցանկն է, որը պետք է վերանայել և փոփոխել»:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն էլ, անդրադառնալով խնդրին՝ նշեց. «Եթե պետությունը չի կարող բուժել ծանր հիվանդությամբ դատապարտյալին, պետք է նրան ազատ արձակի բուժում ստանալու համար, այլ ոչ թե սպասի նրա վախճանին»:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալը կալանավայրերում հիվանդությունների պատճառով արձանագրված մահվան դեպքերի համար խորհուրդ տվեց ոչ թե մեղադրանքներ հնչեցնել, այլ ձեռնամուխ լինել իրավական ակտերի փոփոխությունների. «Այս հարցի ուղղությամբ կձեռնարկվեն միջոցառումներ և կփորձենք լուծումներ տալ խնդիրներին»:

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *