Մամիկոն ջան, բա քեզ պե՞տք էր…

timthumb (8)

Հաճախ բողոքում ենք այն փաստից, որ մեր հայրենի պաշտոնյաները եվրոպացիների պես սոցիալական ցանցերում ակտիվ չեն, սովետի կանչը սրտներում, աղոթելով պատից իրենց աչալրջորեն հետևող Սերժ Ազատիչի խրոխտ դիմանկարին, տքնաջան աշխատում են՝ հանուն հայրենիքի և հայ ժողովրդի բարեկեցության: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ի ուրախություն բոլորի, կոտրեց այս երկար ու ձիգ տարիների ընթացքում արմատացած կարծրատիպը: Երեկ ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետը թեստի միջոցով փաստացի բացահայտել է իր բնածին տաղանդը՝ «Բոլոր կանայք ցանկանում են հանդիպել ձեզ հետ»: Ինչ խոսք, ֆեյսբուքի այս պնդման հետ բոլոր կանայք դժվար թե համաձայնվեն, հաշվի առնելով Ասլանյանի բնածին այլ տաղանդները:

Ստացվում է՝ Ասլանյանը Վանաձորի դարդն ու ցավը լուծել-պրծել է, այժմ էլ սոցիալական ցանցերում լիցքաթափվում է: Շարքային վանաձորցիներին ավելի շատ կարող էր հետաքրքրել  «Որտեղ ես լինելու դու հաջորդ տարի» թեստի պատասխանը, քանի որ ակնհայտ է՝ Վանաձորում Ասլանյանից ոչ մի առանձնակի օգուտ չեն տեսնում: Մարդը, պետական պատշոնյան, ազգընտիրը իրականում բացահայտել է ոչ թե իր բնածին տաղանդը, այլ իր պարապության աղաղակող աստիճանը: Դա այն պարագայում, երբ «Մաքուր Հայաստան» նախագիծը այդպես էլ ոտք չդրեց Վանաձոր. քաղաքն աղբակույտի մեջ է,  երբ մարդիկ դեռ ապրում են դոմիկներում՝ երազելով պետական աջակցության մասին, երբ ավագանիում բարդակ է և շունը տիրոջը չի ճանաչում, երբ քարուքանդ փողոցները թողած՝ Դիսնեյլենդի կառուցման մասին բաժակաճառ են հնչեցնում: Այս խնդիրների լուծված չլինելը Վանաձորի քաղաքապետարանը միշտ պատճառաբանում է ֆինանսական միջոցների սղությամբ եւ համայնքի բյուջեում համապատասխան միջոցների բացակայությամբ: Սակայն հարց է ծագում՝ ինչո՞ւ է քաղաքի բյուջեն այդպիսի խղճուկ վիճակում: Գուցե հենց այն պատճառով, որ քաղաղի ղեկավարը տեղում չէ, անգամ տարածքո՞ւմ էլ չէ: Նա ավելի կարևոր գործեր ունի՝ նա ֆեյսբուքում է: Մամիկոն Ասլանյանը բացահայտեց քաղաքապետի իր իրական որակները: Այստեղ են ասել՝ Մամիկոն ջան, բա քեզ պե՞տք էր…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *