Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը դարձնում են ավելի յուղալի

timthumb (1)

Կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել ծախսարդյունավետ մոդելների ծրագիր, որի շրջանակներում առաջարկվում են մի քանի տարբերակներ: Դրանցից մեկը ենթադրում է, որ միևնույն համայնքում գործող մի քանի մանկապարտեզներ կարող են գործել առանձին, բայց ունենալ մեկ վարչական աշխատակազմ և տնօրեն:

ԼՈւՐԵՐ․сom-ի թղթակցի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն, անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող հատկապես այս մոդելին՝ նշեց՝ ինչպես համայնքների խոշորացման դեպքում է լինում, նույնը փորձ է արվում անել գյուղական մանկապարտեզներում և դպրոցներում:

Փորձագետի կարծիքով՝ երեխաների կրթության վրա փող չծախսելու համար Հայաստանում փորձում են ձևավորել տնօրեն չունեցող մանկապարտեզներ և դպրոցներ․ «Լավ կլինի, որ ամեն հաստատություն ունենա իր տնօրենը: Ռիսկերից մեկն այն է, թե ով է լինելու այդ մեծ մանկապարտեզի տնօրենը: Մտավախություն ունեմ, որ շատ արժանի կադրեր կարող են դուրս մնալ, իսկ ղեկավար մնան ավելի ազդեցիկ կադրերը, ովքեր միշտ չէ, որ լավագույնն են լինում: Եթե, օրինակ, երեք մանկապարտեզ միացնելու են իրար՝ ո՞վ պետք է լինի դրանց տնօրենը, բնականաբար նա, ով ազդեցիկ է, ոչ թե նա, ով ավելի մասնագիտացված է։ Հայաստանում բազմաթիվ որոշումներ կայացվում են այնպես, որ վերևները չվնասվեն, իսկ ներքևները իրար դեմ դուրս գան ու մրցակցեն։ Ու ով ավելի թափով լինի, նա հաղթի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կարելի է պատկերացնել, թե ինչ կոռուպցիոն մրցակցություն է ծավալվելու տնօրենի տեղի համար։

Խաչատրյանի խոսքով՝ կդժվարանա համակարգի ընդհանուր զարգացումը, բարձիթողի վիճակ կստեղծվի մանակապարտեզներում, որտեղ ղեկավար անձ չի լինի․ «Մի քանի հաստատություններ կունենան մեկ տնօրեն, սակայն հնարավոր է՝ մյուս տնօրենների պաշտոններն ու աշխատավարձերը իջեցնեն և նրանք շարունակեն մնալ իրենց դիրքերում ու ղեկավարել մանկապարտեզները»,- նկատեց նա։

Փորձագետը նշեց, որ բացի այս մոդելից, կառավարությունն առաջարկում է նաև հետևյալ տարբերակները՝ փոքր գյուղերում, որտեղ չարժի մանկապարտեզ բացել, որևէ տարածք վերցնել՝ օրինակ՝ բնակարան կամ գյուղապետարանի մի հատվածը ծառայեցնել որպես փոքրիկ մանկապարտեզ: Մյուս մոդելի դեպքում՝ նախակրթարան բացել դպրոցի մեջ, որը կունենա ոչ թե առանձին տնօրեն, հաշվապահ, այլ՝ նույն աշխատակազմը:

 

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *