Մանուկյանը կհեռանա ապրիլին. միայնա՞կ, թե՞ Կարապետյանի հետ

timthumb (1)

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Մանուկյանի հրաժարականը, փաստորեն, չի ընդունվել Սերժ Սարգսյանի կողմից, միևնույն ժամանակ, նախարարության տարածած մեկնաբանության մեջ նշվում է, որ նախարարը, ցանկություն ունենալով շարունակել իր աշխատանքը մասնավոր հատվածում, կմնա Կարեն Կարապետյանի կաբինետում՝ գերադասելով պետական շահը; Ի՞նչ է սա նշանակում, և ինչո՞ւ հանկարծ այդքան վճռական տրամադրված Մանուկյանը մտափոխվեց:
Ակնհայտ էր, որ Մանուկյանն այս ընթացքում իրեն չէր զգում «սեփական ափսեի մեջ», չկարողացավ ինքնադրսևորվել: Համենայն դեպս, պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Մանուկյանը, գլխավորելով երկրի համար առանցքային ոլորտներից մեկը, այդպես էլ ոչնչով աչքի չընկավ. անգամ հրապարակային միջոցառումներին նրա մասնակցությունն էր աննկատ: Միաժամանակ, այս հրաժարականը վաղաժամ էր, որովհետև սպասվում էր՝ Կարեն Կարապետյանի մերձավոր նախարարներն իրենց պորտֆելին հրաժեշտ են տալու այս տարվա ապրիլին, երբ նոր Սահմանադրության պայմաններում ձևավորվի նոր կառավարությունը: Մանուկյանի հրաժարականը մինչ ապրիլ կարող էր լուրջ ստվեր գցել Կարապետյանի կառավարության իմիջի վրա, տպավորություն ստեղծելով, թե «առնետները լքում են խորտակվող նավը»:
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ կառավարությունում, և հատկապես այս ոլորտում կադրային ռեզերվը մեծ չէ, մեծ չէ նաև Մանուկյանի հավանական փոխարինողների ցանկը: Առաջինն այս ցանկում վարչապետի փեսան է՝ Հայկ Հարությունյանը: Ապրիլին ընդառաջ «խնամի-ծանոթ-բարեկամ» շղթայի գործարկումը կարող է նմանատիպ շղթայական ռեակցիա ունենալ արդեն Կարապետյանի աձնական վարկանիշի համար: Դժվար թե հանրային կարծիքը գովաբաներ վարչապետին սեփական փեսային յուղոտ պատառ նվիրելու համար: Ահա այս պատճառով էլ Կարապետյանը համոզել է իր տեխնոկրատ թիմի ներկայացուցչին՝ մնալ առնվազն մինչ ապրիլ, քանի որ հասկանալի է՝ Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերի մեջ Մանուկյանը և կարապետյանական թիմը չի տեղավորվում: Մանուկյանը կհեռանա ապրիլին, այլ հարց է՝ մենա՞կ, թե՞ Կարեն Կարապետյանի հետ:
Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *