Մանվել Գրիգորյանը կտեղափոխվի՞ քաղաքացիական հիվանդանոց

timthumb (2)

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է: Քաղաքացիական հիվանդանոց տանելու կարիք չկա, եթե լինի՝ կտեղափոխվի: Նախկինում ստացած դեղերը շարունակում է ստանալ: Կոնսիլիում տեղի կունենա, եթե անհրաժեշտություն լինի՝ կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և այնտեղ կարվի հետագա բուժումը»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ մնում է իր նույն կարծիքին՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը համատեղելի չէ կալանքը կրելու հետ:

«Եվ քաղաքացիական, և քրեակատարողականի բժիշկները մտել են իր մոտ, սակայն վերջնական արդյունքները դեռևս չկան: Նեղ մասնագիտական եզրակացությունից հետո հայտնի կլինի՝ կտեղափոխվի՞ հիվանդանոց, թե՝ ոչ: Ես ամեն օր շփվում եմ Մանվել Գրիգորյանի հետ և կարծում եմ, որ նրան վաղուց էր պետք տեղափոխել հիվանդանոց, բայց իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, իսկ նեղ մասնագետական փորձաքննությունը կտա եզրակացություն: Այն բուժումը, որը նա ստացել է Հայաստանից դուրս, դրա անալոգիան կարող է այստեղ էլ ստանալ, բայց ոչ կալանավայրում»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը քիմիոթերապիա չի անցնում, շաքարային ծանր հիվանդությամբ է տառապում, և կալանավայրում էլ միայն ստանում է օրվա դեղահաբերը, հիվանդությունը չեն բուժում, այլ կայուն վիճակում են պահում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *