«Մասիսի Սայադի» «նվիրական» նկրտումները, կամ ինչպես ի վերջո դառնալ պատգամավոր

timthumb

2017թ խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի կողմից Արարատի մարզում  ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սայեն Հայրապետյանը («Մասիսի Սայադ» մականվամբ) ակտիվ գործունեություն է ծավալում վարչապետ Փաշինյանի թիմի առաջխաղացման համար։ Օրերս էլ Մասիս քաղաքում բացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  նախընտրական շտաբ, որի ղեկավարման հարցերով Հայրապետյանն անձամբ է զբաղվում։

Նշենք, որ Սայադի քաղաքական կարիերան տասնյակ տարիների վաղեմություն ունի։ Նա եղել է Երկրապահ կամավորական միության և Մասիսի ջոկատի անդամ, գնդապետ է։ Այնուհետև Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանի և այլոց հետ միասին 2008թ. դուրս է եկել ԵԿՄ կազմից, քանի որ կառույցի մի շարք անդամներ «ԵԿՄ-ն  օգտագործում էին անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ ղեկավարությունը ոչ մի միջոց չէր ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղությամբ»։

Այնուհետև, Հայրապետյանն անցավ ԲՀԿ-ի շարքերը և հավատարմորեն աշխատեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար՝  թե՛ ընտրությունների համար ձայներ բերելով, և թե՛ կուսակցության շահն առաջ տանելով, ասել է թե՝ «երդվյալ ԲՀԿ-ական էր»։ Վերջինս 2012 և 2017 թվականի ԱԺ ընտրություններին իր ողջ ուժը ներդրել է ԲՀԿ-ի՝ այդ թվում և իր, պատգամավորական աթոռի համար, սակայն  իր մասով չի հաջողել։

Այսպիսով՝ քաղաքական պրոցեսների զարգացմանը զուգահեռ, վերջինս որոշել է այս անգամ նոր թիմում ընդգրկվել՝ պատգամավորական մանդատի հեռահար նպատակներից ելնելով և Մասիսում ակտիվորեն զբաղվում է ՔՊ-ի քարոզչությամբ։

Մասիսի Սայադը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ իր ողջ գործունեությունը միտված է հանուն «ժողովրդի բարօրության», իսկ պատգամավորի մանդատ ստանալու մասին առայժմ չի մտածում:

«Հետո չգիտեմ ինչ կլինի: Հիմա ես ՔՊ-ի անդամ չեմ, չգիտեմ՝ առաջիկայում կլինեմ, թե ոչ, որոշել եմ հիմա էլ համագործակցել ՔՊ-ի հետ»,-ասաց Սայեն Հայրապետյանը: Մեր այն դիտարկմանը, թե երկար տարիներ ԲՀԿ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների խզման պատճառն ի՞նչն էր, վերջինս սրտնեղեց. «Դե, այդպես եմ ուզել, արել եմ, դրա մեջ ի՞նչ կա, որ…»:

 

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *