Մարդ, ով փորձեց միայնակ «վայելել» կաշառքները…

timthumb (12)

Խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ սոցապնախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը նախագահ Սերժ Սարգսյանի ներումով ազատ է արձակվել: Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։ Ըստ մեղադրանքի՝ նա խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար: Ստացվում է՝ 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանը պատիժը կրեց ընդամենը 3 տարի, սակայն հայտարարվում է, որ նրան ազատ են արձակել պատժի լրիվ կրումով: Ինչպե՞ս է այդպես ստացվել՝ գիտեն միայն Արդարադատության նախարարությունում: Գիտեն նաև ՀՀԿ-ում:
Այն, որ Վազգեն Խաչիկյանը Հայաստանի միակ կաշառակեր պաշտոնյան չէ՝ ակնհայտ է, չնայած այն փաստին, որ վերջինիս ձերբակալությունը իշխանությունները փորձեցին տեղավորել կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում: Խաչիկյանը նստեց, բայց կոռուպցիան ինչպես ծաղկում էր, այնպես էլ շարունակում է ծաղկել, իսկ պատճառը կայանում է նրանում, որ մեր քաղաքական համակարգում Խաչիկյանները անթիվ-անհամար են: Այդ դեպքում՝ ինչո՞ւ զոհաբերվեց հենց Վազգենը: Ամեն ինչ շատ պարզ է. Վազգեն Խաչիկյանի բացթողումը նրանում էր, որ կաշառք վերցնելիս վերադասի հետ չի կիսվել սահմանված չափաբաժնով: Գաղտնիք չէ, որ Հայաստանում պատժվում են միայն նրանք, ովքեր խաբել են Սերժ Սարգսյանին, արդար ու անկեղծ չեն եղել նրա հետ որոշակի հարցերում։ Ստացվում է՝ ժամանակին Խաչիկյանին պատժեցին ոչ թե կաշառք վերցնելու, այլ այդ կաշառքը յուրացնելու և մյուսների հետ չկիսվելու համար: Դա է մեր երկրի քաղաքական-տնտեսական դաշտի թիվ մեկ չգրված օրենքը՝ բոլոր խաղացողների համար: Խաչիկյանի օրինակով իշխանությունները ուղերձ հղեցին նաև համակարգի մյուս մեծ ու փոքր խաղացողներին՝ ցույց տալով, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց, եթե կրկնեն Խաչիկյանի սխալը:
Այսօր, սակայն, Խաչիկյանն ազատության մեջ է: Նրա ազատությունը նույնպես բխում է ձևավորված համակարգի ոգուց և տրամաբանությունից: Լոռու մարզի Ախթալայի նախկին քաղաքապետ, 2016 թվականի հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններում ինքնառաջադրված Սուրեն Թամազյանը դեռ այն ժամանակ մամուլում ահազանգում էր, որ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը (Վազգեն Խաչիկյանի եղբայրը) վախի մթնոլորտ է տարածում համայնքում՝ սպառնալով, որ իր օգտին չքվեարկողները կզրկվեն աշխատանքից: Նա նաև հայտարարում էր, որ Վազգեն Խաչիկյանն է բանտից ղեկավարում Ախթալան և սպառնալիքների միջոցով ձայն հավաքում ՀՀԿ-ի համար: Իշխանություններն այսօր այն վիճակում չեն, որ հրաժարվեն Վազգեն Խաչիկյանի նմանների օգնությունից, հատկապես, որ նոր ընտրությունները սարերի հետևում չեն: Թերեւս որոշել են իրենց շնորհակալությունը նախկին թիմակցին հայտնել հենց այս կերպ՝ ազատ արձակելով: Խաչիկյանն անգամ պաշտոն կարող է ակնկալել. չէ՞ որ նա տեսնում է, թե ինչպես բազմաթիվ իր նման չինովնիկներ տարիներով թալանեցին պետությունը և ոչ միայն չհայտնվեցին ճաղերի ետևում, այլև արժանացան նորանոր պաշտոնների ու մանդատների, նոր արտոնությունների ու մրցանակների, շքանշանների ու պատիվների: Ի՞նչն է խանգարում Վազգեն Խաչիկյանին՝ նույն կերպ վարվել…
Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *