Մարուքյանի պոպուլիզմը հասավ հայոց բանակին…

timthumb (5)

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկ ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծում ներառելու համար։ Նա առաջարկում էր, որ տեղական արտադրողներից ԶՈւ գնումները յուրաքանչյուր տարի ավելանան նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի գնումների առնվազն երկու տոկոսի չափով։ «Հիմնավորման կարիք էլ չկա, մենք ասում ենք հետևյալը, որ հայկական բանակն իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից՝ այդ կերպ զարգացնելով նաև մեր տնտեսությունը։ Առաջարկում ենք, որ դա ամրագրվի օրենքով»,- ասաց Մարուքյանը։
Մարուքյանը ինքն էլ է հասկանում իր առաջարկի պոպուլիստական բնույթը, ինքն էլ փայլուն տեղեկացված է, որ առանց իր հուշումների էլ հայկական բանակը գնումների մեծ մասը կատարում է հենց տեղական արտադրողից: Միևնույն ժամանակ, նույն Մարուքյանի համար նորություն չէ նաև այն, որ սպառազինության գնումների մասով բանակը տեղական արտադրողի հույսին մնալ պարզապես չի կարող այն պարզ պատճառով, որ մեր երկրում այդ ծավալների և այդ հզորության զինատեսակներ չեն արտադրվում: Բայց այս ամենը իմանալը, կարծես չի խոչընդոտում Մարուքյանին առաջարկել, որպեսզի իր պոպուլիզմը օրենքի ուժ ստանա: «Ելք»-ի պատգամավորի այս առաջարկը իհարկե մերժվեց, սակայն ակնհայտ է, որ «Ելք»-ը շարունակում է իր ամպլուայի մեջ մնալ: «Ելք»-ի հետընտրական դիսկուրսը ավելի սազական է 90-ականներին ու Ղարաբաղ կոմիտեի` դեռևս այն ժամանակ երիտասարդ ու ռոմանտիկ ներկայացուցիչներին: «Ելք»-ի պոպուլիզմն ինչ-որ իմաստով ավելի շատ թրամփյան ու եվրոպայում տարածված ձախական պոպուլիզմի է նման՝ հագեցած առավելապես էսթետիկ բովանդակությամբ, քան սոցիալական վիճակով: Իսկ հայաստանյան հասարակության պահանջարկն այլ է՝ օլիգարխների մականունների շահարկում, թալան, հող հանձնողներ և այլն: Փաշինյանն, իհարկե, փորձում է պահել նաև այս ճակատը, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար մենակ է «Ելք»-ում ՝ չնայած իր անհամեմատելի մեծ կշռին նորաստեղծ դաշինքում: Բացի այդ, ռադիկալ ճակատում մարտիկները շատ են, իսկ էսթետիկում` քիչ:
Իսկ թե ինչու է այնպես ստացվել, որ բացի պոպուլիզմից, մեր ընդդիմություններն այլ գործիք չունեն, առավելապես վերաբերում է հայաստանյան իշխանության կառուցվածքային բնույթին, ավտորիտարիզմ-դեմոկրատիա խնդրին և ընդդիմություն, թե ընդդիմախոսներ երկընտրանքին:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *