Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել․ ՀՔԾ պետ

timthumb (5)

Մարտի 1-ի գործով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ նախ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ապա հավելելով, որ ցանկացած անձի մեղադրանք առաջադրվելու դեպքում այդ մասին կլինի հրապարակում իրենց կողմից։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը, ապա նա այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ։

«Հովիկ Աբրահամյանի եղբայրն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի, նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ»,-ասաց Սասուն Խաչատրյանը։ Պատասխանելով հարցին, թե մարտի 1,2-ի դեպքերի հետ ինչ կապ կարող է ունենալ Հովիկ Աբրահամյանի առանձնատնից ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զենքը՝ ՀՔԾ պետն ասաց․  «Տեղեկատվություն կա, դուք էլ տեղյակ եք, բազմիցս խոսվել է այդ մասին, որ մարտի 1-ին կանոնավոր բանակից բացի եղել են նաև զինված խմբեր, հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։

«Սերժ Սարգսյանը որևէ կերպ ներգրավվե՞լու է մարտի 1-ի գործով» հարցի առնչությամբ էլ Սասուն Խաչատրյանը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ «Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,-ավելացրեց նա։

Սեյրան Օհանյանին, ով 2008-ի մարտի 1-ի օրերին եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ևս մեղադրանք չի առաջադրվել։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներգրավվածության մասին տեղեկություններին, պաշտոնյան չցանկացավ մեկնաբանել։ «Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ ես չեմ ցանկանում խոսել այդ վարկածների մասին»,-հավելեց ՀՔԾ պետը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *