Մեզ եք ձեռ առնո՞ւմ, թե՞ ձեզ…

timthumb (7)

Ազգային Ժողովի այսօրվա նիստը դիտելիս այնպիսի տպավորություն էր, որ կամ անատոմիայի խորացված դասընթաց է, կամ էլ կրկեսն է ժամանակավորապես հանգրվանել ԱԺ հյուրընկալ պատերի ներսում: Այս անգամ շոուն ապահովեցին ԵԼՔ-ից Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ-ից Մարգարիտ Եսայանը: Վերջիններս երկար ու ձիգ բանավեճ ծավալեցին՝ պարզելու համար, թե ի վերջո՝ իրենցից ով է ավելի մասնագիտացած կապիկների հարցերում: Անգամ ամենավառ երևակայությամբ օժտված անձը չէր կռահի, որ նման շեշտադրում էր ստացել Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբկցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց չսահմանափակել փոքրամասնություն կազմող խմբակցությունների իրավունքները՝ որպես համեմատության օրինակ ներկայացնելով օրանգուտանների և կապիկների տարբերությունները: Ինչին ի պատասխան՝ Մարգարիտ Եսայանը հակադարձեց, որ ինքը, ավա՜ղ, այնքան էլ լավատեղյակ չէ կապիկական աշխարհի նյուանսներին, հետևաբար, պետք է դիմել մասնագետներին:
Իրականում մեր քաղաքական համակարգը կապիկի մակարդակի էլ չէ, պետք չէ վիրավորել այդ խելացի և ինտելեկտուալ կենդանիներին: Մեր քաղաքական համակարգը հողաթափիկ ինֆուզորիայի մակարդակի է: Եվ դրանում բոլորն են մեղավոր, այդ թվում՝ նաև այսօրվա բանավիճողները: Երբ օրակարգ չկա, երբ բովանդակություն չկա՝ վաղն էլ ինչ-որ ուրիշ պոպուլյացիայից կսկսեն բանավիճել՝ թեմա միշտ էլ կգտնվի: Ամեն անգամ ասում ենք, որ հաջորդ ԱԺ-ն պետք է ավելի որակյալ լինի, ամեն անգամ ընտրությունների ենք գնում՝ ԱԶԳԱՅԻՆ ժողով ունենալու ցանկությամբ, արդյունքում՝ ստանում ենք նույն կլոունադան և Ճ կլասսի հավաքատեղի: Պատկերացնո՞ւմ եք ինչ կատաստրոֆիկ վիճակ է լինելու, երբ այս մակարդակով ՝ կապիկներով, պինգվիններով անցնենք խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ այս մարդիկ համարվում են քաղաքական դաշտի սերուցքը, որ ամեն գնով հասնում են ԱԺ, որպեսզի այնտեղ նման  «ռազմավարական» նշանակության հարցեր քննարկեն՝ այն պարագայում, երբ երկիրը գլորվում է իրենց իսկ կողմից ստեղծած անդունդը: Հիմա հարց է առաջանում՝ մեզ եք ձեռ առնո՞ւմ, թե՞ ձեզ…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *