Մեկ կենտրոնից ուղղված օգնության ձեռք՝ Արման Թաթոյանին

timthumb (8)

Մարդու իրավունքների պաշտպանի` 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը քննադատաբար ընդունեցին ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը և Դատախազությունը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը տեսակետ հայտնեց, որ պատահական չէ վերը նշված կառույցների կողմից հնչող բացասական արձագանքը՝ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցի վերաբերյալ. «Դատախազությունը, ՀՔԾ-ն ու Ոստիկանությունն իրենց արձագանքով ընդամենը փորձել են օգնել ՄԻՊ ինստիտուտին այն բանից հետո, երբ երիտասարդները ակցիա արեցին և մեղադրեցին Մարդու իրավունքների պաշտպանին՝ իշխանությանն աջակցելու համար, և հիմա ՄԻՊ գործընկեր կառույցներն, ուղղորդված լինելով մեկ կենտրոնից, որոշեցին իրենց աջակցության նոր ձևը հայտնել ՄԻՊ-ին՝ ցույց տալով, որ ոչ միայն հասարակության առանձին խմբերն են դժգոհ ՄԻՊ-ի աշխատելաոճից, այլ նաև իրավապահ մարմինները: Քննադատողներն իրենց այս քայլով ցույց տվեցին և ընդգծեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործել է իշխանություններից անկախ»:  

Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ եք ակնարկում՝ նշելով, որ Դատախազությունը, ՀՔԾ-ն և Ոստիկանությունն ուղղորդված են մեկ կենտրոնից, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ համատեղ է որոշվել, որ հիմա պետք է պատասխանել այդ կերպ, ժամանակին էլ էին այդպես անում, նախկինում էլ էին նման կերպ արձագանքում: Սա մեկ կենտրոնից մեկնված օգնության ձեռք է՝ Մարդու իրավունքների պաշտպանին»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի համոզմամբ՝ քննադատելով ՄԻՊ-ին, քննադատող կառույցները փորձում են ջնջել նաև այն բացասական հետքը, որը թողեցին ՄԻՊ աշխատանքից դժգոհ  ակտիվիստները, ուստի՝ Դատախազության, ՀՔԾ-ի և Ոստիկանության կողմից հնչող  քննադատություններն ի չիք են դարձնում այդ հետքը:

«ՄԻՊ-ի համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել. այդ բացասական ազդեցություններն, այդ զեկույցից հետո երեք պատասխանատու կառույցների երեք միաժամանակյա, միատառ հայտարարություններն ինձ ուղղակի հիշեցնում են մեկ բան՝  դրանք ուղղորդվել են մեկ կենտրոնից, հատուկ նպատակով՝ այն է՝ մաքրել ՄԻՊ-ի վրայից երիտասարդ ակտիվիստների թողած հետքը»: 

Վերջում Կարեն Անդրեասյանին խնդրեցինք որպես նախկին ՄԻՊ՝ գնահատականներ տալ ներկայիս պաշտոնյա Արման Թաթոյանի և ՄԻՊ կառույցի աշխատանքին. «Ես աշխատում եմ գնահատականներ չտալ և չխոչընդոտել իմ գործընկերոջն իր աշխատանքներն իրականացնելիս,  միայն արձագանքում եմ նրա կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ այլ կառույցների տարօրինակ արձագանքներին, որոնք նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց: Թերևս, միայն այդ ժամանակ՝ փորձում եմ ինչ-որ կերպ միջամտել»,-խոսքը եզրափակեց Կարեն Անդրեասյանը:

Աղավնի Սուքիասյան

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *