Մենաշնորհի դեմ կպայքարեն այն օրինակացնելո՞վ…

timthumb (2)

Հայաստանում, ինչպես բոլորս խորապես համոզված ենք, լիակատար ազատ տնտեսական մրցակցության մթնոլորտ է: Ուղղակի կատարյալ: Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ Պետեկամուտների կոմիտեի նախագահը բազմիցս հայտարարել են, թե ով ինչ ուզենա, կարող է ներկրել: Դրան զուգահեռ՝ երբեք չեն ասել, որ որեւէ ոլորտում կա արհեստական մոնոպոլիա: Դա էլ հերիք չէ, բոլոր նրանց, ովքեր ասում են, թե կա արհեստական մոնոպոլիա, կառավարության մակարդակով հերքում, են, քննադատում են եւ այլն: Մի խոսքով, կատարյալ մրցակցություն` ազատ ու անկաշկանդ:
Երեկ այդ միտքը հաստատեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում չկա շաքարավազի մոնոպոլիա, կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ: Իհարկե, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը միայնակ չի տնօրինում շաքարի շուկան: Նա մրցակցում է առնվազն 22 տնտեսվարող սուբյեկտների հետ: Այսպիսի պատասխան կտան ՊԵԿ-ում, կամ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովում, եթե հարցնենք` արդյոք Հայաստանի շաքարի շուկայում կա՞ մոնոպոլիա: Բայց չբավարարվենք այդ պատասխանով ու ավելի մանրամասն ուսումնասիրենք թվերը` պաշտոնական թվերը: Նախորդ տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 61 հազար 554 տոննա շաքար: Դրանից 58 հազար տոննան ներկրել է Սամվել Ալեքսանյանը` Բրազիլիայից: Այսինքն, Հայաստան ներկրված շաքարի մոտ 95 տոկոսը ներկրել է Ալեքսանյանը: Մնացած 5 տոկոսը բաժանվել է մի քանի տասնյակ տնտեսվարողների միջեւ:
Մինչ Շաբոյանը դեկլարատիվ հայտարարություններ է անում, փաստը մնում է փաստ, որ ամիսներ առաջ կառավարությունը լրջորեն քննարկում էր շաքարավազի ներկրման ոլորտում օրինական մոնոպոլիա հաստատելու հարցը: Իսկ սա նշանակում է, որ մենաշնորհ կա, ընդ որում՝ այնպիսի մենաշնորհ, որի դեմ կառավարությունը ի վիճակի չէ պայքարել և այդ պայքարի ողջ տրամաբանությունը հանգում է մենաշնորհի օրինականացմանը՝ այն պարզ պատճառով, որ մեկ առանձին վերցրած օլիգարխ ավելի զորեղ է այս հարցում, քան կառավարությունը: Շաքարավազի օրինական մոնոպոլիան ոչ մի իրավիճակում արդարացված չէ, դեռ մի բան էլ հակառակը՝ այն լի է միլիոնավոր դոլարների կոռուպցիոն ռիսկերով ու պարզապես մի նոր տնտեսական պատժամիջոց կարող է դառնալ սեփական ժողովրդի, պետության նկատմամբ: Ժամանակին այդպիսի կարգավիճակ տրվեց «Արմենտել» ընկերությանը, իհարկե 2005-ին օպերատորին զրկեցին օրինական մենաշնորհից, սակայն գաղտնիք չէ՝ որքան բացասական հետևանքներ եղան այդ մինչ այդ թե՛ ոլորտի, թե՛ տնտեսության համար: Այժմ գնում ենք նույն ճանապարհով: Պարզապես օրինական մոնոպոլիան անհրաժեշտ է, որպեսզի ինչ-որ տնտեսվարող չորոշի քիթը մտցնել այս ամենի մեջ, իսկ մասնագետների ու լրագրողների փաստարկներին էլ պատասխանեն «դե օրինական մոնոպոլիա է» նախադասությամբ:
Ստելլա խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *