Մենք ընդդիմանալու ենք. եկեղեցին դեմ է, Վեհափառ Հայրապետը դեմ է…

timthumb (2)

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ փոփոխություններ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում, այդ թվում՝ 197-րդ՝ խտրականության հոդվածում։ Առաջարկը հետևյալն է․ քրեորեն պատժել ֆիզիկական և պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Սա նշանակում է, որ նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հովանու ներքո, այս խմբի ներկայացուցիչների մազին դիպչողը խստորեն կպատժվի: Օրինակ՝ սեռը փոխածներին ու նման տեսակներին վիրավորողները, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրևորողները կարող են պատժվել մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Ի դեպ, նման ազատազրկում սպառնում է նաև իքս խմբի անդամներին գործի չընդունած գործատուներին:

Նկատենք, որ սա օրենքի նախագիծ է, որը, չնայած անցած տարի է առաջարկվել, սակայն ոչ ոք այն չեղյալ չի համարել։ Ավելին՝ նախագիծն անցել է քննարկման փուլը և պատրաստ է մտնել ԱԺ։

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  Արդարադատության նախարարության այս առաջարկի վերաբերյալ բացասական արտահայտվեց: Նա նշեց՝ եթե այդ առաջարկին տրվի քարոզչական կամ իրավական գործընթաց նոր իշխանությունների կողմից, ապա ինքն ու իր ընկերները կարձագանքեն՝ կախված նրանից՝ այն կյանքի կկոչվի՞, թե՝ ոչ:

Հայկ Նահապետյանը, սակայն, նկատեց նաև, որ նախաձեռնության հիմքը դրվել է դեռևս նախորդ իշխանությունների և նախկին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի օրոք:

«Ոչ միայն օրենքը պետք է չընդունվի, այլև այս ամենի դեմն առնելու համար պետք է ընդունվի քարոզչությունն արգելող օրենք. մեր արժեհամակարգին հարիր չէ դա:  ԼԳՏԲ-ի վերաբերյալ տարբեր երկրների բնակիչների կեցվածքը իմանալու համար ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի հարցումների հիման վրա, այդ երևույթի դեմ արտահայտվածների ամենաբարձր ցուցանիշն ունեցել է Հայաստանը, որի բնակչության 98%-ը դեմ է արտահայտվել: Ես չգիտեմ՝ այդ երկու տոկոսը ինչպես են հաշվել, որովհետև ես այլ պատկերացում ունեմ և կարծում եմ երկու տոկոսը բավականին մեծ թիվ է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ քարոզչություն էր նաև վերջերս պաշտոնական հրավերով ՀՀ-ում գտնվող Էլթոն Ջոնի այցը. «Անկախ մասնագիտությունից և ճանաչելիության չափից, նա և իր ամուսինը Հայաստանում ներկայացնում էին այլ սեռական կողմնորոշում  ունեցող անձանց քարոզչություն: Այդ անձին հրավիրել էին այստեղ, ով հանդիպում ունեցավ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, սա ևս քարոզչություն է և անընդունելի»:

Նահապետյանի խոսքով՝ մեզ մոտ 2013թ. ընդունվեց գենդերաին հավասարության մասին օրենքը և սրա հենքի վրա, ընտանիքի մոդելի փոփոխությամբ, առաջարկվում է ուժի մեջ մտցնել ևս մեկ իրավական փաստաթուղթ, որն այս  չարիքի շարունակությունն է. «Եթե ԱԺ-ն վավերացնի և նախագահի ստորագրելուց հետո օրենքն ուժի մեջ մտնի՝ ՀՀ ընտանիքի մոդելը այլևս չի լինի այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, այլ կլինի այդ միջազգային կոնվենցիայում գրված նորմը՝ ընտանիքի մոդելը զուգընկերներն են: 

Մենք ընդդիմանալու ենք. եկեղեցին դեմ է, Վեհափառ Հայրապետը դեմ է: Մեր եկեղեցին, որպես ազգային ինստիտուտ, 1700 տարի կռիվ է տվել մարտահրավերների դեմ, որոնք մեր իսկության, արժեհամակարգին դեմ են եղել»,- ընդգծեց Նահապետյանը:

Նշենք, որ Արդարադատության նախարարության այս առաջարկը մեծ աժիոտաժ է առաջացրել սոցիալական ցանցերում, ինչին արձագանքել է նաև նախարար Արտակ Զեյնալյանը«Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես՝ իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,- գրել է նա։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *