Մենք չենք գործում «մեկ նախագահ՝ մեկ համակարգիչ» սկզբունքով. ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյան

timthumb (1)

2014 թվականից Հայաստանում գործում է «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Ստեղծման օրից կառույցն իր առջև նպատակ էր դրել զարգացնել փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկային ու հաշվապահական համակարգի գործունեությունը, նպաստել պետություն-մասնավոր հատված երկխոսության և գործակցության կայացմանը:

International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա հասարակական գործիչ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, տնտեսագիտության թեկնածու, որակավորված աուդիտոր Վահագն Համբարձումյանը, ում հետ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Ասոցիացիայի գործունեության, իրականացրած ծրագրերի, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Համբարձումյան, ինչպե՞ս ծնվեց նման կառույց հիմնադրելու գաղափարը և ո՞րն է նրա հիմնական առաքելությունը:

-Իմ և Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ 2014թ. նոյեմբերի 10-ին հիմնադրվեց հասարակական մասնագիտական միավորում: Կառույցի ստեղծման նպատակն ու առաքելությունը հիմնադրման օրվանից հստակ դրվել է: Բիզնեսի համար պետության կողմից սահմանված խաղի կանոնների անընդհատ փոփոխման արդյունքում, եթե խոշոր տնտեսվարողները դիմակայում են վայրիվերումներին՝ ապավինելով պրոֆեսիոնալ խորհրդատվական ընկերություններին, միաժամանակ ունենալով նաև իրենց ներքին հաշվապահական ստորաբաժանումը, ապա խնդիրն առավել դժվար է փոքր և միջին ձեռնարկատերերի համար: Նրանց, ըստ էության, ձեռնտու չէ իրենց հաշվապահական հաշվառման վարումն իրականացնել աշխատանքային հարաբերությունների կողմ հանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով, միաժամանակ համագործակցելով պրոֆեսիոնալ խորհրդատվական ընկերությունների հետ:

Արդյունքում, խորհրդատվական ընկերություններին զուգահեռ, տարիների ընթացքում շուկայում ի հայտ եկան, այսպես ասած, արտաքին պատվերի (outsource) մոդելով աշխատող ընկերություններ, որոնց գործունեությունը քաղաքացիաիրավական հարաբերությունների հիման վրա փոքր և միջին ձեռնարկատերերին հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցումն է:

Այսպիսի ծառայություններ մատուցող հաշվապահներն իրենց հերթին ունենում են լուրջ խնդիրներ՝ կապված իրավական ակտերի և դրանց փոփոխությունների ժամանակին իրազեկվածության, հաշվապահական և հարկային հաշվառման ծրագրային համալիր լուծումների, իրենց կողմից սպասարկվող տնտեսվարող սուբյեկտների և պետական մարմինների իրավունքների ու պարտականությունների տարանջատման լիարժեք պատկերացման և այլ հարցերի հետ: Ասոցիացիայի հիմնադրման նպատակը հենց այս խնդիրները լուծելն ու ՓՄՁ սուբյեկտների համար ամեն ինչ ավելի մատչելի ու հեշտ դարձնելն էր:

-Մի փոքր կմանրամասնե՞ք՝ Ասոցիացիան մասնավորապես ինչ գործունեություն է ծավալում: ՓՄՁ հաշվապահների աջակցման, իրազեկվածության, պետութուն-մասնավոր կապի ամրապնդման ոլորտում ի՞նչ հստակ քայլեր են իրագործվել այս տարիների ընթացքում:

-Մեր առաքելության իրագործման նպատակով ակտիվորեն համագործակցում ենք բազմաթիվ հաշվապահների հետ, կազմակերպում և անց ենք կացնում նրանց վերապատրաստման և ուսուցման դասընթացներ, ապահովում ենք իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում օրենսդրական խորհրդատվություններ, որոնք հիմնականում իրականացվում են զանգերի սպասարկման, էլ. փոստերին ուղարկվող իրազեկումների, սեմինարների, ատեստացիաների, հեռադիտարկումների, կամերալ ստուգումների, հսկիչ զանգերի և  ստուգայցերի միջոցով:

-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ պետական և այլ կառույցների հետ է համագործակցում Ձեր կառույցը:

Ասոցիացիան ընդգրկվել է ֆինանսների նախարարության և պետական եկամուտների հասարակական խորհուրդների, ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի, Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի կազմերում, հանդիսանում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ: Դուք հարց ուղղեցիք՝ ի՞նչ հստակ քայլեր են արվում պետություն-մասնավոր կապի ամրապնդման ուղղությամբ: Մեր համագործակցությունը ոլորտի պետական և մասնավոր այլ կառույցների հետ հենց միտված է այդ խնդրի լուծմանը և կարծում եմ, թող անհամեստություն չհնչի, որոշ չափով կարողանում ենք մեր առջև դրված խնդիրները լուծել:

Պետք է նշեմ, որ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի խորհուրդների կազմերում Ասոցիացիան ակտիվ մասնակցել և մասնակցում է հարկային օրենսգրքի մշակման և փոփոխությունների հետ կապված բոլոր քննարկումներին, մինչ այժմ ներկայացրել է ընդհանուր 78 առաջարկ, որից 72 առաջարկն ընդունվել և ամրագրվել է հարկային օրենսգրքում: Կարծում եմ դա բավական լավ արդյունք է, որով, իհարկե, մենք չենք բավարարվում:

Այդ հասարակական խորհուրդների կազմերում ընդգրկվածությունը մեզ հնարավորություն է տալիս իրավական ակտերի գործնական կիրառման արդյունքում բացահայտված բոլոր խնդիրներն ու թերությունները հատիկ-հատիկ վեր հանել, ներկայացնել համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներին, որի արդյունքում հիմնական խնդիրներն ու թերությունները ստանում են իրենց լուծումներն ու շտկումները՝ թեթևացնելով հարկ վճարողի տնտեսական կյանքը: Հաշվապահներից ստացված իրավական ակտերում առկա հակասությունների, երկիմաստությունների կամ տարընթերցումների հետ կապված հարցերով Ասոցիացիան իրավական ակտը կիրառող գործադիր մարմիններ է ուղարկում հարցումներ և ստացված պաշտոնական իրազեկումների մասին տեղեկացնում բոլոր անդամ հաշվապահներին:

-Ովքե՞ր կարող են անդամագրվել Ասոցիացիային:

-Ասոցիացիային կարող են անդամագրվել բարձրագույն կրթություն ունեցող կամ անդամության դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա հաշվապահի մասնագիտական փորձ ունեցող ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև հասարակական կազմակերպության անդամ դառնալու իրավունք ունեցող իրավաբանական անձինք, որոնք ընդունում են Ասոցիացիայի կանոնադրությունը և իրենց գործունեությամբ նպաստում են Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը:

-Եվ վերջում՝ ինչո՞ւ պետք է ընտրել հենց ձեր կազմակերպությունը: Խնդրում եմ ներկայացնել՝ ի՞նչ արտոնություններ ունեն Ասոցիացիայի անդամ հաշվապահները և ձեզ դիմող տնտեսվարողները:

-Հարկ եմ համարում նշել, որ այս երեք ու կես տարիների ընթացքում, Ասոցիացիան, ի տարբերություն Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, երբեք չի գործել «մեկ նախագահ՝ մեկ համակարգիչ» կամ «միայն ցուցակագրված անդամներ» մոդելներով և կարելի է ասել՝ արդեն բավական կայացել է, որի մասին է վկայում Ասցիացիային շուրջ 400 ակտիվ հաշվապահների անդամագրումը: Ավելին՝ ես և Ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի աշխատակիցները, ամենօրյա շփման (այդ թվում՝ Skype համակարգի) միջոցով, տեղյակ ենք լինում անդամ հաշվապահների բոլոր մասնագիտական պրոբլեմներին և բարձրացված հարցերին:

Անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում մասնագիտական հետագա զարգացման և մասնագիտական կարգավիճակի բարձրացման համար: Ասոցիացիայի անդամները կարող են օգտվել իրենց ընձեռնված մի շարք յուրահատուկ արտոնություններից, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալ հնարավորություններով.

  • Մասնակցել պարբերաբար կազմակերպվող Ասոցիացիայի անդամների հանդիպումներին (այդ թվում՝ սեմինարներին, գիտաժողովներին, կլոր սեղաններին և այլն), որոնց ընթացքում ինչպես մասնավոր հատվածի առաջատար մասնագետները, այնպես էլ քաղաքականություն և վարչարարություն իրականացնող մարմինների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց փորձն ու պատասխանում բարձրացված հարցադրումներին:
  • Յուրաքանչյուր աշխատանքային օր էլեկտրոնային եղանակով ստանալ հարկային-մաքսային, աշխատանքային ինչպես նաև հաշվապահական հաշվառման ոլորտները կարգավորող իրավական ակտերի փոփոխություններն ու պարզաբանումները:
  • Օգտվել Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող տարբեր տեսակի դասընթացներից և սեմինարներից՝ 50-100 տոկոս զեղչված սակագներով:
  • Պարբերաբար տեղեկանալ Ասոցիացիայի կողմից անդամներին ծանուցվող թափուր աշխատատեղերի մասին:

Մի խոսքով՝ Ասոցիացիան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի անդամ հաշվապահները տնտեսվարող սուբյեկտներին սպասարկեն անսխալ, ժամանակին և հոգատար, որի արդյունքում տնտեսվարողներն առավել շատ ժամանակ կտրամադրեն իրենց բիզնեսի ընդլայնմանն ու ինքնակազմակերպմանը, ինչպես նաև գործունեության հետ կապված կունենան շատ ավելի նվազ ռիսկեր և վնասներ: Այո՛, նաև հոգատար, քանի որ առանց հոգատարության հնարավոր չէ կատարել բարի աշխատանք, իսկ բարի աշխատանքն ամենաամուր և հուսալի կապն է աշխատող մարդու և այն հասարակության միջև, որի օգտին ուղղված է այդ աշխատանքը:

Հաշվի առնելով, որ ՓՄՁ ոլորտը հանդիսանում է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և միաժամանակ քաջ գիտակցելով պետական եկամուտների հավաքագրման դերը պետականաշինության գործընթացում, մենք միշտ կոչ ենք անում մեր անդամ հաշվապահներին՝ համագործակցել միայն ազնիվ պետական ծառայողների և կարգապահ հարկ վճարողների հետ, ցանկացած առիթով հորդորել հարկ վճարողներին՝ զերծ մնալ պետական ծառայողների հետ կոռուպցիոն պայմանավորվածություններից, ինչպես նաև բիզնեսն իրականացնել հնարավորինս «սպիտակ» դաշտում:

Ի դեպ՝ ավելացնեմ, որ գործող ՓՄՁ հարկ վճարողների թիվը ՀՀ-ում հասնում է մոտ 70.000-ի, որը գործող հարկ վճարողների 98%-ն է կազմում: Ասոցիացիայի անդամներն այս պահին սպասարկում են շուրջ 4.500 հարկ վճարողների, որը կազմում է գործող ՓՄՁ սուբյեկտների մոտ 6%-ը: Շուկայում մյուս ՓՄՁ-ների հաշվապահները նույնպես կարող են դիմել և օգտվել մեր Ասոցիացիայի ծառայություններից և օժանդակությունից:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *