Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր. Փաշինյան

timthumb

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են արագ փոփոխությունների: ՀՀ վարչապետն արձանագրում է, որ արագ փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներով կա հնարավորություն այն ծավալների ճանապարհներ կառուցել Հայաստանում, որ վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն դոլար է նվիրաբերել:

«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան «Լինսի» հիմնադրամը տվել էր Հայաստանին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ հարցին, թե «ինչո՞ւ ժողովրդից գողացված գումարները չեն  վերադարձվում»: «Հիմա տեսեք, օրինակ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի համար, օգտվելով իր պատգամավորական կարգավիճակից և օգտվելով նրանից, որ ՀՀԿ-ն չքվեարկեց իր ձերբակալության օգտին առաջին անգամ, Հայաստանի Հանրապետությունից թողեց հեռացավ: Միհրան Պողոսյանը, ում նկատմամբ չարաշահումների հետ կապված քրեական գործ է հարուցված, Հայաստանից փախած է և գտնվում է հետախուզման մեջ: Լևոն Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրված «Հյուսիս-Հարավ»-ի գործով, էլի փախած է Հայաստանից, գտնվում է հետախուզման մեջ, Մանվել Գրիգորյանը բանտում է, Գագիկ Խաչատրյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանը բանտում է: Բայց մյուս կողմից ես չեմ ուզում թաքցնել՝սկսած 4-5 ամիս առաջվանից, նաև Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները ինձ չեն բավարարում: Նաև այս էր պատճառը, որ իրավապահ համակարգում շատ էական, շոշափելի և արմատական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Իրավապահ համակարգում էլ այդ միտումը կա՝ որ լավ մի ամիս անցավ, երկու ամիս անցավ, երեք ամիս անցավ, դե արդեն սկսենք մի քիչ սրա հետ համաձայնվենք, մի քիչ նրա հետ համաձայնվենք, մի քիչ մյուսի հետ համաձայնվենք: Այդ միտումը կա, ես ասել եմ, որ դրա հետ չեմ համաձայնվել ու չեմ համաձայնվելու: Որ ասում եմ 120 միլիոն դոլարի գերակատարել ենք բյուջեն, դրանով ի՞նչ հարցեր ենք լուծել, մենք այսօր մեր զինված ուժերի պայմանագրային զինծառայողների և սպաների աշխատավարձը շոշափելի բարձրացրել ենք: 2019 թվականի հունվարի 1-ից 80 հազար թոշակառուի և նպաստառուի թոշակն ու նպաստը բարձրացել , հունվարի մեկից նորից բարձրանալու է, սեպտեմբերի 1-ից բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հոկտեմբերի 1-ից բարձրանալու է հրշեջների և անտառապահների աշխատավարձը և այդպես շարունակ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ Հայաստանում առաջին անգամ  այս տարի Կենտրոնական բանկը 400 միլիոն դոլար է գնել շուկայից, որովհետև այնքան դոլարային առաջարկ է եղել, որ ԿԲ-ն ստիպված է եղել գնել: «Մեր միջազգային պահուստներն այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակին: Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր: Խոսքն այն արտարժույթի մասին է, որ մենք մեր ռեզերվում պահում ենք: Վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ-ում ավելի քան 65 հազար նոր աշխատող է արձանագրվել, սա աշխատաշուկայի 10 տոկոսն է: Այդ աշխատողների մի մասը ստվերից դուրս եկածներն են, մյուս մասը՝ նոր աշխատատեղերը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ մյուս կողմից էլ քրեական գործերի քննության ընթացքում քննիչները շատ ծանրաբեռնված են: Նա նշեց, որ մի քննիչի վարույթում նվազագույնը 30-40 գործ կա: «Եվ, բնականաբար, երբ մի քննիչը վարում է 40 քրեական գործ, այդ քրեական գործերը չեն կարող շատ արագ ծավալվել: Մյուս կողմից էլ այդ բոլոր քրեական գործերն անցնում են ձեզ հայտնի հնարավոր և անհնար խոչընդոտների պայմաններում: Բայց այս ամենը մեր պլաններում ոչ մի բան չի փոխում, ինչպես ասել եմ՝ շարունակում եմ պնդել, որ Հայաստանի ժողովրդից գողացված մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին: Սա ամենակարևոր արձանագրումն է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *