Միհրան Պողոսյանին վերևներից հաթաթա՞ են տվել

timthumb

Մամուլում սրտաճմլիկ տեղեկատվություն է տարածվել, որ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը: Ասում են թե,արդեն շուրջ մեկ շաբաթ է հարկայինի աշխատողները մայրաքաղաքի գրեթե բոլոր առևտրի կենտրոններում ստուգում են, թե որ բիզնեսմենը ինչքան բանան է հանձնում: Ի դեպ՝ Միհրանի մոնոպոլիան գրեթե նույնությամբ գործում է: Բայց խնդիրն այն է, որ հարկայինն ուղղակի գեներալին ստիպում է թանկացնել բանանի գինը, որպեսզի պետբյուջե ավելի շատ դրամ մտնի: Իսկ Միհրանը ուշադրություն….փորձում է համոզել հարկային մարմիններին ավելի բարեգութ գտնվել սպառողների գրպանների հանդեպ: Ստացվում է բիզնեսմենը ընկել է հարկայինի դուռը, աղաչում–պաղատում է, որպեսզի իրեն թույլ տան չթանկացնել ապրանքը, քանի որ դա կարող է սպառողների շրջանում աղմուկ բարձրացնել, ու մի բան էլ շուկայում տեղաշարժի հանգեցնել: Պատկերացնում եք չէ՞ Պանամայի հերոսին նման իրավիճակում, մենք էլ չենք պատկերացնում: Հատկապես, որ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Պողոսյանը սրտացավ է դարձել սպառողի հանդեպ, առավել ևս նրան հետաքրքրում են մոնոպոլիզացված շուկայում չնչին տեղաշարժերը:

Եթե հաշվի առնենք, որ մեկ-երկու օրում մեր օլիգարխների մոտ արժեհամակարգային հեղաշրջում տեղի չի ունեցել, ապա ավելի տրամաբանական կլիներ, որ Միհրան Պողոսյանը այլ աղերսով ընկներ հարկայինի դուռը՝ խնդրելով այս անգամ էլ աչք փակել ապրանքի գնի չհիմնավորված թանկացման վրա: Իսկ թե ինչու այս անգամ էլ՝ հասկանալի է, պատկան մարմինների համար սովորություն է դարձել Հայաստանում ապրանքների թանկացումը հիմնավորել բոլոր հնարավոր և անհնարին, բանականություն սահմաններում անգամ չտեղավորվող պատճառներով, սակայն թանկացման իրական հեղինակները միշտ էլ ջրից չոր են դուրս գալիս:

Այս անգամ էլ Միհրանի լրատվամիջոցներում տարածված իմպրովիզը, կարծես թե, նույն նպատակն է հետապնդում: Այն, որ բանանի մեկ կիլոգրամի գինը էականորեն բարձրացել է, դա փաստ է: Ինչպես երևում է, գեներալ Պողոսյանը այս քայլին գնացել է առանց վերևների դաբրոյի: Վերևներն էլ հաթաթա են տվել Պանամայի հերոսին, հասկացնելով, որ ապրիլին ընդառաջ կարելի էր զսպել գերշահույթ ստանալու ախորժակը և էլ ավելի չզայրացնել գնաճի տակ կեղեքվող բնակչությանը: Միհրանն էլ, որոշել է իր այս բացթողումը շտկել՝ սլաքները ուղղելով հարկային մարմինների վրա: Թե բա խոչընդոտում են ազգանվեր գործունեության ծավալմանը և պահանջում են գնալ գնաճի: Իսկ ինչպե՞ս է դրանից հետո Պողոսյանը գիշերները գլուխը բարձին դնելու ու քնելու…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *