Մինասյանը «ոտքը կախ է գցում»

timthumb (2)

Այս շաբաթ Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ եւ հերթական անգամ համոզում էին, որ Ամուլսարի բնապահպանական բոլոր խնդիրները հնարավոր է կառավարել: Որպես այս պնդումները հաստատող՝ ընկերությունը հրավիրել էր իր պնդմամբ միջազգային անկախ փորձագետ Լարի Բրեքենրիջին: Սակայն ընդամենը մի փոքրիկ հետազոտությունը գուգլում հասկանալի է դարձնում, որ այս փորձագետը անկախ լինել չի կարող, քանի որ նա եւ կազմակերպությունը, որի համար աշխատում է՝ «Global Resource Engineering»-ը, տարիներ շարունակ աշխատել են Լիդիանի համար, կազմել են Լիդիանի զեկույցները, այդ թվում Ամուլսարի երկրաքիմիական բնութագրման եւ կանխատեսումային զեկույցը, հանքի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումը եւ այլն: Ստացվում է՝ կամ Լիդիանին հերթական անգամ հաջողվել է մոլորության մատնել Արծվիկ Մինասյանի ղեկավարած գերատեսչությանը, կամ էլ նախարարը փայլուն գիտակցել է փորձագետների «անկախության» մակարդակը, պարզապես նախընտրել է խաղալ Լիդիանի խաղի կանոններով: Երկու դեպքում էլ հանրությանը պատշաճ բացատրություն պետք է տրվի: Կառավարությունը ևս հասկանում եմ, որ թակարդն է ընկել, իր՝ ներդրումներ կոչեցյալ միֆի և իբր թե հանքարդյունաբերության տնտեսական աճի ապահովման միֆի: Իրենք Լիդիանին տվել են արտոնություններ և հիմա, եթե նույնիսկ հասկանում են, որ լուրջ խնդիր կա, չեն կարող իրենց կատարած քայլից հետ կանգնել, դրա համար էլ գտնում են տարբեր եղանակներ խուսափելու ամեն տեսակ պատասխանատվությունից:
Միևնույն ժամանակ, ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացնող «Լիդիան Արմենիա»-ի խոշոր բաժնետերերից է: Գրեթե կասկած չկա, որ նա կընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը և հենց նա կզբաղեցնի նախագահի պաշտոնը: Գուցե այս հանգամանք է դարձել Արծվիկ Մինասյանի գլխավորած գերատեսչության կարճատեսության հիմնական պատճառ: Իսկ մինչ Մինասյանը ոտքը կախ է գցում՝ հասկանալու համար ինչպիսի վերադասավորումներ կլինեն և ում «բոստանը» ավելի լավ է քար չգցել՝ Լիդիանը կշարունակի թունավորել Հայաստանի հողն ու քաղաքացիներին…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *