Միջազգային մամուլի անդրադարձը՝ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին

 

 

սռպ

Միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ուշադիր հետևել Հռոմի Պապի հայաստանյան այցելությանը։ Բնականաբար, ամենամեծ ուշադրությունը սևեռված է Հայոց ցեղասպանության թեմային։

Ֆրանցիսկոս Պապը, Երևան ժամանելով, դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի «գաղափարապես ձևավորված և ծրագրված ցեղասպանությունը», գրում է The Guardian-ը:

Իր եռօրյա այցի ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող ելույթում Ֆրանցիսկոս Պապն օգտագործել է քաղաքական երանգներ ունեցող «ցեղասպանություն» բառն՝ իր նախապես պատրաստված տեքստի ընթացքում, որտեղ ակնհայտորեն այն բաց էր թողնվել: Եվ անցած տարվա խոսքերը պարզապես կրկնելու փոխարեն, երբ նա ասել էր, որ կոտորածները «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին», Ֆրանցիսկոս Պապը դա ցեղասպանություն է անվանել՝ այդ քայլով հավանաբար առաջացնելով Թուրքիայի կողմից ևս մի բողոքի ալիք:

«Ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, որն առաջինն էր անցյալ դարի աղետների ցավալի շարքում, հնարավոր դարձավ ռասայական, գաղափարական և կրոնական նպատակներից ելնելով, որոնք մթագնել էին դահիճների միտքը, ովքեր էլ ծրագրել էին ամբողջ ժողովրդի ոչնչացումը», — ասել է Հռոմի Պապը:

Լրատվամիջոցը նշում է, որ այցի նախաշեմին Վատիկանը խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից հնարավոր քաղաքական և ֆինանսական հետևանքները: Բայց Ֆրանցիսկոսը, ով երբեք չի վախենում իր կարծիքն արտահայտելուց, վերջին պահին ավելացրել է բառն իր ելույթում՝ ՀՀ նախագահական նստավայրում քաղաքական և կրոնական առաջնորդների առաջ, ովքեր նրան ծափահարել են հոտնկայս:

The Guardian-ը գրում է, որ հայերը պատիվ են ունեցել դիմավորելու Հռոմի Պապին, ով երկար ժամանակ աջակցել է Հայկական հարցին դեռևս Արգենտինայում արքեպիսկոպոս լինելու տարիներին և այժմ՝ որպես Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:

NBC News-ը գրում է, որ Ֆրանցիսկոս Պապը շաբաթ օրը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ նախորդ օրը տեղի ունեցած դեպքերը որակել «ցեղասպանություն»՝ Թուրքիայի զայրույթն առաջացնելու վտանգին գնալով:

Նկատելիորեն հուզված՝ Ֆրանցիսկոսը մասնակցել է Բարեխոսական կարգի աղոթքի արարողությանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների հետ միասին, գրում է լրատվամիջոցը:

Deutsche Welle-ն, գրելով, որ Հռոմի Պապը ևս մեկ անգամ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության մասին երկրորդ անգամ հանրային հայտարարություն արել, գրում է, որ Պապը նաև անդրադարձել է Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակին:

The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարի դատապարտել էր Պապի հայտարարությունը և նախազգուշացրել էր նրան՝ «չկրկնել այդ սխալը»: Լրատվամիջոցը գրում է, որ Պապն ուրբաթ օրը ժամանել է Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք, որը նա ներկայացրել է որպես «առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *