«Միտինգն ուշացած էր և ավելի շատ ուղղված էր ապաշնորհ ղեկավարների աթոռների պահպանմանը». Ալավերդու պղնձաձուլարանը կփակվի՞

timthumb (1)

Ճարտարագետ Գագիկ Շոլինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին: Հիշեցնենք՝ մի քանի օր գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ իրականացրին՝ փակելով միջպետական ճանապարհն ու երկաթուղին, պահանջելով թույլ չտալ գործարանի փակումը: Նրանց հետ հանդիպման գնաց Լոռու փոխմարզպետը, հետո հայտարարեց, որ գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը երկուշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, հանդիպում կունենա կառավարությունում և այդ հանդիպման ժամանակ կփորձեն գտնել խնդրի լուծման ուղիներ:

Բանն այն է, որ մի կողմից բնապահպաններն են տարիներ շարունակ բարձրաձայնում, որ գործարանն աշխատում է բնապահպանական նորմատիվների կոպիտ խախտումներով, մյուս կողմից էլ՝ ՎՏԲ-Հայաստան բանկն է ձեռքը դրել գործարանի վրա, քանի որ այն չի կատարել իր վարկային պարտավորությունները, և գործարանը, որն ալավերդցիների համար հիմնական աշխատատեղեր ապահովող ձեռնարկությունն է, փակման եզրին է: Գագիկ Շոլինյանի բաց նամակն այս թեմայի վերաբերյալ՝ ստորև.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՍ և ՈՉ ՄԻԱՅՆ․․․․․

Հարգելիներս, չկա իրավիճակ, որից ելք չլինի։

Գործարանի վերակառուցումը հեշտ գործ չէ իրականացման տեսակետից, բայց ես դրա ճանապարհը միշտ տեսել եմ և հիմա էլ կարող եմ իրականացնել բարձր մակարդակով։ Գործերին քաջածանոթ մարդիկ պետք է հիշեն, քանի անգամ եմ ես ժամանակին իրավիճակ փոխել, բայց որպես շնորհակալություն՝ ինձնից կազմակերպված ձևով ազատվել են․․․․հաստիքի կրճատումով։

Դա արել են գաղտնի ձևով երեք հոգի, որոնց անուններն ինձ ժամանակին ասել է Գագիկ Արզումանյանը։ «Մեղադրականս» գաղտնի է պահվում մինչև հիմա, նույնիսկ տարիներ անց Լուսինե Մեջլումյանը հրաժարվեց բովանդակությանը ինձ ծանոթացնել։ Ես էլ իմ հերթին, չնայած բարձրորակ իրավաբանի պնդմանը, որ կարող էի հեշտությամբ վերականգնվել, նրանց պատժեցի․․․․սուսուփուս հեռանալով։ Դրանցից մեկը իմ անաղմուկ հեռանալուց այնքան էր վիրավորվել, որ երդվել էր՝ քանի ինքը կեդանի է, Գագիկը գործարանում չի աշխատի։ Դեռ հարց է, արդյոք աշխատանքի նկատմամբ նման «կազմակերպչական» ջիղ ունեցողների հետ ես ուզու՞մ էի աշխատել։

Միտինգի պահով փորձենք ռեալ դատել — այն ուշացած էր և ավելի շատ ուղղված էր ապաշնորհ ղեկավարների աթոռների պահպանմանը, այդ իմաստով միտինգի ուղղորդողները անկասկած նրանք էին։ Հասարակությունն էլ՝ փոխանակ աշխատանքի պատասխանատուներից հաշվետվություն պահանջի նման խայտառակ վիճակ առաջացնելու համար, միջպետական ճանապարհ է փակում։ Նեղացրեք ոչ թե գազը շնչել չուզեցողներին, ոչ թե տուգանող պետությանը, որն առաջին անգամ գործարանի պահով իր դիրքում երևաց, այլ աշխատանքներն ապաշնորհ ձեւով կազմակերպողներին՝ տարիների ընթացքում տեխնիկական առաջընթաց չապահովելու համար։ Այդ մարդկանց դուք ամեն օր ձեր կողքին տեսնում եք: Տվեք իրենց գնահատականը՝ հետագայում նման երևույթի առաջ չկանգնելու համար, իսկ գործարանը, իմ խորին համոզմամբ, աշխատելու է և նպաստելու նոր Հայաստանի հզորացմանը․․․

Հ․Գ․Տանիք չունեցող բարձրակարգ մասնագետներ ես կապահովեմ»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *