Միֆը փլուզվեց…

timthumb

Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է: Վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ազատ տնտեսական գոտու՝ առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ:

 

Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը, սակայն վերջին շրջանում, այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել:

 

Այստեղ հարկ է որոշակի հստակեցում անել և հասկանալ՝ ինչից ենք զրկվում: Տվյալ դեպքում՝ խոսքը գնում է Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, իսկ նման գոտի՝ Հայաստանում արդեն կա: Մեկը «Ալյանսն» է, մյուսը՝ «Մերիդիանը»: Ազատ տնտեսական գոտիների միջոցով պարզապես փորձ է արվում ներգրավել օտարերկրյա ներդրողների՝ նրանց տալով այդ գոտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություններ:

 

Այսինքն՝ ներդրումների համար պարզապես գրավիչ պայմաններ են ստեղծվում: Այս գոտիների նպատակներից մեկը հետ մնացած տարածաշրջանները զարգացնելն է՝ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր: Նման գոտիներ կան Ռուսաստանում, Բելառուսում, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք արդյունավետ չեն. այն էֆեկտը, որը պետք է ստացվեր, չի ստացվում: Այդպես է, որովհետև ներդրողներին ներգրավելու համար շատ այլ պայմաններ են անհրաժեշտ:

 

Մեղրիում այս գոտու հնարավոր հիմնումը կարծես միտված էր տպավորություն ստեղծել, որ այն՝ ցույց տալու համար է, թե իբր ԵՏՄ-ն խոչընդոտ չէ Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը, թե իբր, մենք Իրանի հետ ամեն ինչ կարող ենք անել, բայց դա այդպես չէ: Իրանի հետ պետք էր կնքել Ազատ առևտրի համաձայնագիր: Իրանը նախընտրում է բարենպաստ Առևտրի համաձայնագիր, իսկ այդ համաձայնագրի կնքումն իսկապես ցույց կտար, որ մենք Իրանի հետ մտնում ենք բարենպաստ առևտրային հարաբերություների մեջ:

 

Հայաստանի իշխանությունների կողմից շարունակաբար հնչող՝ Մեղրիում Ազատ առեւտրի գոտու ստեղծման նախագիծը որքանո՞վ էր իրատեսական: Մինչ այժմ մենք չենք ծանոթացել ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված վերլուծության’ մեր երկրի համար հնարավոր առավելությունների ու շահի վերաբերյալ: Մինչ այս՝ այդ ռազմավարական նախագիծը թվում էր անիրականանալի, իակ այսօր արդեն կարծես թե տապալվում է: Նախ՝ արդյո՞ք այն, որպես ներդրումային ծրագիր, արդյունավետ կարող էր լինել տեսական առումով: Ինչո՞վ պետք է գրավեր Մեղրիում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը՝ պոտենցիալ ներդրողներին: Առհասարակ, ենթակառուցվածքային առումով նույնպես պարզաբանված չէ այս գաղափարի գրավչությունը:

 

Իրանից ներդրողները Մեղրիում արտադրությո՞ւն էին կազմակերպելու, ապա՝ արտահանեին Իրա՞ն: Թե՞ ԵՏՄ երկրներ էին արտահանելու Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների պայմաններում: Այս դեպքում արդեն՝ առանց հյուսիս-հարավ մայրուղու կառուցման՝ նման խոսակցություններն իսկապես անլուրջ են: Հայաստանի համար պետք է որ չափազանց կարեւոր լիներ հյուսիս-հարավ մայրուղու արագ եւ որակյալ կառուցումը, մանավանդ, որ ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում թուրք-ադրբեջանական շրջափակումը ճեղքելու անհրաժեշտության մասին:

 

Եւ վերջապես, եթե Հայաստանի իշխանություններն այդչափ ոգեւորված հայտարարություններ են անում Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին, թող կոնկրետացնեին, թե ո՞վ էր նման զարգացման ծրագրերը ֆինանսավորելու, որտեղի՞ց էին ակնկալում աջակցություն: Բացի այդ, ամենակարեւորը’ Հայաստանում գոյություն ունեն ներդրումների իրականացման լուրջ ռիսկեր: Ո՞վ էր շահագրգիռ այս մթնոլորտում լուրջ ծրագրեր ֆինանսավորել: Ակնհայտ է, որ ներդրողները Հայաստանից խուսափում են՝ թեկուզ աչքի առաջ ունենալով «Օրանժի» փախուստը Հայաստանից: Եվ հաջորդը’ Իրանը պատրա՞ստ էր լուրջ ներդրումներ անել, երբ այսքան մեծ է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Այս բոլոր հարցրեի պատասխանները ի մի բերելուց պարզ են դառնում այս հույժ կարևոր տնտեսական նախագծի տապալման հիմնական պատճառները…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *