Մի ինքնասպանության հետքերով…

mi8z

Հայաստանյան ԲՈՒՀ-երում տիրող խայտառակ վարքուբարքի մասին, թերևս, խոսվել է չափազանց շատ. կոռուպցիա, ամենաթողություն, կրթության ցածր որակ, ԽԾԲ-ական սկզբունքով իրագործվող կադրային քաղաքականություն և այլն:

Որպես կանոն, մեզանում ընդունված է կարծել, թե հայկական բարձրագույն կրթության համակարգին բնորոշ այս բոլոր պախարակելի երևույթների մայր աղբյուրը, բուն օրրանն ու սկզբնապատճառը Երևանի պետական համալսարանն է՝ Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, ինչը, սակայն, ինչպես պարզվում է, այնքան էլ կարող է չհամապատասխանել մեր դաժան իրականությանն, իսկ նման աններելի մեղադրանքներն էլ լինեն չհիմնավորված:

Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, ուր որ է կխլի մայր ԲՈՒՀ-ից այն «դափնիները», որոնց ձեռքը հայաստանյան հասարակությունը պարզապես կրակն է ընկել:

Պարզվում է՝ Միրզախանյանի որոշմամբ՝ ԲՈՒՀ-ում բավական տևական ժամանակ է, ինչ գործում է մի բավական տարօրինակ կարգ. պետական քննություններից անբավարար ստացած այն ուսանողները, ովքեր ցանկություն են հայտնում հաջորդ տարի հանձնել քննություն և դիպլոմ ստանալ, պարտավորված են լինում ԲՈՒՀ-ին վճարել 120000 դրամ գումար: Ու չգիտես՝ ինչ զուգադիպությամբ ստացվել է այնպես, որ պետական քննությունները անբավարար ստացող ամենաշատ ուսանողները հենց մանկավարժական համալսարանում են սովորում. մարդը, փաստացի, զբաղված է մեր մատաղ սերնդի կեղեքմամբ, պարարտանում է անաշխատ փողերով՝ պետական կարևորագույն այս կրթօջախը վերածելով սեփական հոր դուքանի…

Ի դեպ, ասում են՝ ամենևին էլ չի բացառվում այն վարկածը, որ այս ԲՈՒՀ-ի ուսանողուհու՝ վերջերս իրագործած ինքնասպանության հիմքում ընկած լինեն հենց Մանկավարժականում արմատ ձգած խայտառակ բարքերը, երբ ուսանողներին, փաստացի, գնահատական չեն նշանակում, որպեսզի վերջիններս ստիպված լինեն վերահանձնել քննություններն՝ այդ կերպ ի սկզբանե պարտավորված լինելով վճարել 120000-ը. արդյունքում՝ մարդիկ իրենց բողոքը հայտնում են նման ողբերգական ձևերով, որի համար, ցավոք, որևէ մեկը ենթական չէ պատասխանատվության…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *