Մի նոր պատուհաս՝ հայաստանցիներիս գլխին…

նկար

Փաստորեն՝ պարզվում է՝ մինչ երկիրը գահավիժում է անկայունության ու անկանխատեսելիության անդունդն ու մեկ քայլով է ընդամենը հետ մնում քաղաքացիական պատերազմի կրակից, ոմանք ՀՀ Կենտրոնական բանկում, չկորցնելով քայքայիչ կրեատիվի հանդեպ իրենց ունեցած կիրքն ու սերը, նստել ու որոշել են մի նոր պատուհաս բերել ազգիս գլխին: Ջավադյանի հիմնարկում, չգիտես՝ ինչ մղումներից ելնելով, որոշում է կայացվել ստեղծել դրամական փոխանցումների հայկական միասնական համակարգ՝ «ԱՐՈՒՍ» անվամբ, որի հիմնական գործառույթը պետք է լինի արտերկրից, մասնավորապես՝ ՌԴ-ից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների տոտալ վերահսկողությունը: Թե հատկապես որքանով է նպատակահարմար Հայաստանում նմանատիպ համակարգի ներդրումը՝ դժվար է ասել, քանի որ, ինչպես նույնիսկ ռուսաստանյան «Կոմերսանտն» է թեմային նվիրված իր հոդվածում նկատել, նմանատիպ համակարգը կարող է սահմանափակել մրցակցությունը շուկայում. դրա ներդրման դեպքում սակագները և վճարման ժամկետները վերահսկվելու են մեկ համակարգի միջոցով։

Արդյունքում՝ շուկայի բոլոր մասնակիցները ստիպված կլինեն հարմարվել այդ կանոններին։ Ինչպես պարբերականն է նկատել՝ այսպիսի բան չկա դրամական փոխանցումների նույնիսկ շատ ավելի խիստ վերահսկողություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք Տաջիկստանն ու Ուզբեկստանն են:

Պարզվում է, սակայն, որ խնդրի էությանը պատշաճորեն հաղորդ լինելու համար անհրաժեշտ է դրսևորել անհրաժեշտ խորաթափանցություն՝ հասկանալու այն նպատակը, որ հետապնդվում է Կենտրոնական բանկի կողմից. միանգամայն իրական է վտանգը, որ այսկերպ մեր խելոքները սկսելու են հարկել այն գումարները, որոնք բանկային համակարգի միջոցով փոխանցվում են Հայաստան:

Այլ կերպ ասած՝ թողած մեծ շնաձկներին՝ սրանք կրկին փորձ են անում կպնել ժողովրդի «ջանից» ու hարկել ոչ թե ասենք իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանին, այլ` բանվոր խոպանչիներին,որոնցից շատերի տարեկան եկամուտը չի գերազանցում 2000 դոլարը:

Թե մինչև ուր կարող ենք հասնել այն պարագայում, երբ ճարահատյալ հիմա էլ փորձում են մասնավոր փոխանցումներից գումարներ «քերել»՝ բյուջեն ինչ-որ կերպ լցնելու համար, դժվար է կանխատեսել, բայց, որ այս ամենը կարող է նաև քաղաքական հստակ նպատակներ ունենալ, ակնհայտ է. չի բացառվում, որ իշխանությունները փորձում են լիակատար վերահսկողության տակ առնել այն բոլոր գումարների տեղաշարժը, որ ստանում են դրսից երկրում գործող ոչ իշխանական կառույցներն ու անհատները, այսկերպ վերահսկելով այդպիսիների գործունեությունը Հայաստանում, նեյտրալիզացնելով եկող սպառնալիքները:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *