Մոսկվայի քաղաքապետը ներկա է եղել ՌՀՄ-ի կազմակերպած «Ծիրան» փառատոնին

timthumb (8)

Հուլիսի 8-ին Մոսկվայի Եկատերինյան այգում տեղի է ունեցել «Ծիրան» փառատոնը: Միջոցառման նախաձեռնողը Ռուսաստանի Հայերի Միությունն էր՝ Մոսկվայի Կառավարության հետ համատեղ: Օրացույցի տոնական օրերի մեջ ներառված այս տոնն արդեն սիրվել է մոսկվաբնակների ու քաղաքի հյուրերի կողմից՝ դառնալով մոսկովյան ամռան ամենասպասված իրադարձություններից մեկը:

Միջոցառմանը ներկա էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղեկցությամբ անցել է առանձնացված բոլոր հատվածներով, որտեղ սպորտային մրցաշարեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր էին կազմակերպվում: Բացի այդ՝ այս տարի առաջին անգամ Սերգեյ Մանուկյանի, Արտյոմ Լալայանի և այլոց մասնակցությամբ «Ծիրանի» շրջանակներում անց է կացվել ջազի «Ծիրանի ջեմ» փառատոնը:

Այգու Մեծ բեմում հանդես են եկել երաժշտական ու թատերական խմբեր (մոտ 600 արտիստ) Մոսկվայից ու Ռուսաստանի տարբեր հատվածներից: Վերջիններս տոնական օրվա ամբողջ օրվա ընթացքում ներկաներին պատմում էին ազգերի հին ու նոր մշակույթի, ավանդույթների  ու արվեստի մասին: Հավաքված մարդիկ բավականին ջերմ ողջունեցին հատկապես դաղստանցի լարախաղաց Ռասուլ Աբակարովի ելույթը, որը հայկական երաժշտության ներքո անհավանական հնարքներ էր ցուցադրում:

Տոնախմբության ժամանակ «Ազգերի բարեկամության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ազգամիջյան հարաբերւթյունների  և հասարակական ինստիտուտների զարգացման համար»  Մոսկվայի քաղապետ Սերգեյ Սոբյանին Ռուսաստանի հայերի միության կողմից շնորհվել է միության բարձագույն պարգևը՝ «Ոսկե Խաչ»: Շքանշանը հանձնել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական համայնքին, որի ճակատագիրն արդեն քանի դար կապված է Մոսկվայի հետ: Նա նշել է, որ այն ամենն ինչ կատարվել է Մոսկվայում վերջին 100-ամյակում ու 10-ամյակում, ուղղակիորեն կապված է հայկական համայնքի ու համայնքի ներկայացուցիչների հետ՝ հրաշալի մանկավարժներ, բժիշկներ, մշակույթի գործիչներ, սպորտի ներկայացուցիչներ, դիվանագետներ ու  նույնիսկ բևեռախույզներ:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ռուսաստանի հայերի միությանը՝ այսպիսի տոնախմբություններ կազմակերպելու, և, առհասարակ, մեր բազմազգ քաղաքի կյանքին ակտիվորեն ներգրավվելու համար»,- ասել է Սոբյանինն ու ՌՀՄ-ին Շնորհակալական նամակով պարգևատրել:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Մոսկվայի քաղաքապետին՝ միության աշխատանքը գնահատելու համար: Աբրահամյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև Մոսկվայի Ազգային քաղաքականության և Սոցիալական պաշտպանության դեպարտամենտներին՝ ՌՀՄ-ի ծրագրերին աջակցելու համար:

Տոնախմբության պատվարժան հյուրերի թվում են եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, ինչպես նաև Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի գլխավորած պատվիրակությունը:

«Ծիրան» փառատոնի շրջանակներում Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի կողմից հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ նույնպես պարգևատրվել են «Ռուսաստանի զարգացման և մայրաքաղաքի հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված լինելու հարցում ունեցած մեծ ավանդի համար»։

Մոսկվայի քաղաքապետի կողմից շնորհակալական նամակներով են պարգևատրվել հետևյալ անձիք.

ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գեորգի ՏերՂազարյանը

Հեռուստալրագրող, «Խոսքի իրավունք» հեռուստահաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը:

Տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր տնտեսագետ, ՌԴ նախագահին կից ժողտնտեսության և պետական ծառայության ակադեմիայի «Կորպորատիվ կառավարման բարձագույն դպրոցի» ֆակուլտետի դեկան Սերգեյ Քալենջյանը:

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը:

Ռուսաստանի հերոս, օդաչու-փորձարկիչ «Քաղաքացիական ավիացիայի գիտական-հետազոտական պետական ինտիտուտի գործադիր տնօրենի տեղակալ Ռուբեն Եսայանը:

Բժշկական գիտությունների դոկոտր, պրոֆեսոր, բժշկական-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սպասոկուկոցկոյի անվան պետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Լիանա Ալեքսանյանը:

Շոումեն, հումորիստ, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը:

Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանը:

Ձեռնարկատեր և բարեգործ, «Ընկերներ» հիմնադրամի համահիմնադիր Գոռ Նահապետյանը:

Դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Ռուսաստանի հայակական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *