Մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն․․․

timthumb (1)

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում։ Մասնավորապես, «Ալեքսհոլդինգ» և «Ա և Գ» ընկերությունները «Նեմիրոֆ Ինթելեքուըլ Փրոփրթի Իսթեբլիշմենթ» ընկերության կողմից մեղադրվում են կեղծ արտադրանք շրջանառելու մեջ։

Ինչպես տեղեկացանք, գործով զբաղվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, որի դատավոր Լիլիթ Կատվալյանը որոշել է հայցադիմումն ընդունել և գործի քննությունը նշանակել 2017 թ. հոկտեմբերի 26-ին։ «Նեմիրոֆ» ընկերության ներկայացուցիչը  սեպտեմբերի 8-ին նույն դատարանից պահանջել է հայցի ապահովում կիրառել, որը մասնակի է բավարարվել։ «Ալեքս հոլդինգ» և «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների որոշակի գործողություններն արգելվել են։ Հիշեցնենք, որ «Նեմիրոֆ» ընկերությունը հայտնի է օղու արտադրությամբ, որի հիմնական հայաստանյան ներկրողը համարվում է Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանին պատկանող  «Սովռանո» ընկերությունը։

Բոլորին է հայտնի, որ Հայաստանի գրեթե բոլոր խանութներում տարիներ շարունակ ակտիվ կերպով վաճառվում է «Նեմիրոֆ» ընկերության արտադրանքի կեղծված տարբերակները, և այս առումով մշտապես շրջանառվել է Սամվել Ալեքսանյանի անունը, այսինքն՝ կեղծարարությունը պարզելու համար դեռ վաղուց «Նեմիրոֆ» ընկերությունն իր նշանակետի տակ պետք է առներ Սամվել Աեքսանյանին։ Պարզից էլ պարզ է, որ ներմուծվող ապրանքանիշի տեղական կեղծված արտադրությունը նվազեցնում է տվյալ ապրանքի սպառումը, հետևաբար, ինչն էր ետ պահում աշխարհահռչակ ընկերությանը՝ կտրուկ քայլերից։ Սա պարզելու համար մենք կապ հաստատեցինք հիմնական ներկրող «Սովռանո» ընկերության հետ։ Մեզ հայտնեցին, որ հայցադիմումի հետ իրենք բացարձակ կապ չունեն և հայցվորը ուկրաինական «Նեմիրոֆ» ընկերությունն է։ Այսինքն՝ ստացվում է, որ հիմնական ներկրողը տարիներ շարունակ համակերպվել է այն մտքի հետ, որ Սամվել Ալեքսանյանն անվերջ պետք է իրենց «գործին խփի»։ Այս պարագայում Ուկրաինայից եկող վտանգը՝ ուղղված Ալեքսանյանների ընտանիքին, միանշանակ բխում է Արման Սահակյանի շահերից, ով այս պատմության մեջ ամենաչորը դուրս կգա ջրից։

Մինչ կուսակիցների գործունեությունը մրցակցություն կամ համագործակցություն որակելը հարկավոր է հետևել դատավարության ընթացքին, ինչը, հնարավոր է, որ նոր իրողություններ բացահայտի, որոնք կօգնեն իրավիճակին վերջնական գնահատական տալ։ 

Վաչիկ Գրիգորյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *