«Նաիրիտ»-ի հարցը կքննարկվի ԱԺ հարցուպատասխանի ժամանակ

timthumb (1)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ դարպասների դիմաց: Նրանք պահանջում են, որ իրենց բարձրացրած հարցերը պատգամավորների կողմից կառավարության հարցուպատասխանի ժամանակ ուղղվի նաև վարչապետ Կարեն Կարապետյանին:

Դեռևս մեկ շաբաթ առաջ ԱԺ որոշ պատգամավորներ մոտեցել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին՝ վստահեցնելով, որ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ կբարձրացնեն նրանց հարցերը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը նշեց, որ իրենք ԱԺ-ում են, որպեսզի պատգամավորների միջոցով հարց բարձրացվի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար:

«Մենք քիչ առաջ հանդիպեցինք մի քանի պատգամավորների, մի խնդրանք հայտնեցինք, որ չկրկնվի մեկ տարի առաջվա դեպքը. 2016թ.-ին «Ծառուկյան» դաշինքը և «Հայկական վերածնուն»-ը ԱԺ-ում հանդես եկան ծրագրով, ըստ որի՝ հատուկ պայմաններ պետք է ստեղծվեին «Նաիրիտ» գործարանի համար: Սակայն մենք չհասկացանք՝ ինչու դա հավանության չարժանացավ, ներկայացվեց և վերջացավ, ընթացք չտրվեց դրան: Ես խնդրեցի պատգամավորներին՝ գոնե այս հարցի շուրջ համախմբվել և ինչպես այլ հարցեր քննարկելիս տարաձայնությունների մեջ են մտնում, չանել դա «Նաիրիտ» գործարանի հարցը քննարկելիս, որն առաջնային հարց է մեր հանրապետության համար»,- ասաց Կարինե Շահվերդյանը:

Շահվերդյանի խոսքով՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն արդեն վաճառքի է հանել գործարանի գույքը և այժմ էլ «Եվրոպա Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգի և կառավարության հանդիպումից հետո ավելի արագացված ռեժիմի է անցել։

Նա ընդգծեց՝ պատգամավորներին խնդրել են ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչ բանակցություններ են ընթացել և ի՞նչ համաձայնագրեր, պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր են ստորագրվել, կնքվել «ԵՄ-Ասիա ֆինանսական բիզնես կենտրոն» հոլդինգի հետ, որքա՞ն է գործարանի պարտքն այժմ և ի՞նչ կառուցվածք ունի այն, պարտապաններին կատարվող վճարումներն ապահովելու համար սնանկության կառավարիչը պարբերաբար անցկացնում է աճուրդներ: Քանի՞ աճուրդ է անցկացվել մինչ օրս, ի՞նչ գույք է վաճառվել, ի՞նչ գնով, ո՞ւմ են վճարվել վաճառքից ստացված գումարները, ե՞րբ և ի՞նչ գնով է ժամանակին «Նաիրիտ»-ը գնել այդ գույքը: Խնդրում ենք պահանջել ամբողջ անվանացանկը՝ գներով: ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում քրեական գործ՝ կապված 2008 թվականին գործարանում կատարված ֆինանսական գործարքների հետ, որը հարուցվել է աշխատակիցների հաղորդման հիման վրա: Խնդրում ենք կատարել հարցում՝  քրեական գործի ընթացքի վերաբերյալ»,- նշեց նա:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *