Նախագահը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ

ՍՍ

Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը շարունակում է ծնել հարցեր, որոնց պատասխաններ գտնելն իրականում այնքան էլ հեշտ չի լինելու: Վերջին մի քանի օրերին հնչող կարծիքների ու գնահատականների պակաս կարծես չկա, ու երբ փորձում ես հասկանալ դրանց ընդհանուր տրամաբանությունն, ապա պարզ է դառնում, որ այն կայանում է մեկ բանում՝ խնդրին տալ անարյուն հանգուցալուծում: Բայց առավել հետաքրքրական կարող է լինել հատկապես այն հարցադրման պատասխանը, թե ինչու, այնուամենայնիվ, այս ամենը տեղի ունեցավ, որոնք էին այս ամենի հեռահար նպատակները: Հիմնական պատասխանը, որ այս հարցին տրվում է, այն է, թե սա դրսից կազմակերպված փորձ է՝ միջամտելու երկրի ներքին գործերին՝ ստեղծելով անկայուն իրավիճակ ու լարվածություն Հայաստանում:

Այլ կերպ ասած՝ փորձում են գունավոր հեղափոխություն կազմակերպել: Բայց կա ևս մի տարբերակ, որը, կարելի է ասել, գրեթե չի քննարկվում ու չի բարձրաձայնվում (բայց որի մասին, ըստ էության, ակնարկել է Պարույր Հայրիկյանըայս ամենի՝ իշխանությունների կողմից կազմակերպված լինելն է:Ո՞րն է այս վերջին վարկածի հիմնավորումը կամ հատկապես ինչո՞ւ պետք է իշխանությունները նպատակամիտված կերպով, կոպիտ ասած, փոս փորեին իրենց իսկ ոտքի տակ, ո՞րն է, այնուամենայնիվ, տրամաբանությունը:

Բանը նրանում է, որ ամենևին էլ չի բացառվում այն, որ Սերժ Սարգսյանն օգտագործի երկրում ստեղծված իրավիճակն ու, իրոք, ինչ-որ պահի որոշի հրաժարական տալ նախագահի պաշտոնից՝ դրանով իսկ խուսափելով Մոսկվայի առաջ ստանձնած պարտավորություններից՝ առաջիկայում ադրբեջանցիներին հանձնել ազատագրած տարածքները:

Ասել կուզի՝ վերջին օրերի իրադարձությունների բուն արմատը պետք է փնտրել աշխարհաքաղաքական վերին հարթություններում, որը, սակայն, խնամքով թաքցրած է հանրության աչքից: Այսինքն՝ կարող է կրկնվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ տեղի ունեցած սցենարը, երբ ղարաբաղյան խնդրում Հայաստանի համար ակնհայտ ոչ բարենպաստ մթնոլորտի պայմաններում Տեր-Պետրոսյանը հրաժարվեց նախագահի իր պաշտոնից՝ երկրի ղեկավարի տեղը զիջելով Քոչարյանին, որն էլ, ինչպես տեսանք, հետագայում կարողացավ խուսափել ղարաբաղյան հարցի լուծման՝ մեզ համար կործանարար սցենարից. պատմությունն, ինչպես հայտնի է, կրկնվելու սովորություն ունի:

Իհարկե, թե ինչ կլինի հետագայում, կարող է ցույց տալ բացառապես ժամանակը, բայց որ վերջին օրերի իրադարձություններն ամենևին էլ ինքնաբուխ բնույթ չեն կարող կրել, կարծում ենք աներկբա է.«այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *