Նախագահի հարցազրույցի գլխավոր ինտրիգն՝ ըստ քաղաքագետի

timthumb (3)

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ խոսելով մի շարք թեմաների մասին: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ, ով տեսակետ հայտնեց, որ պաշտոնավարման ժամկետն ավարտող երկրի ղեկավարը ինչ-որ չափով հաշվետու հարցազրույց տվեց այն հիմնական կետերի շուրջ, որոնք համարում է կարևոր և կատարել է իր գործունեության ընթացքում:

Խոսելով նախագահի՝ 2018-ից հետո իր գործունեության մասին կոնկրետ հայտարարություն չանելուն՝ Հակոբյանը նկատեց, որ հարցազրույցի գլխավոր ինտրիգներից մեկն այն էր, որ շատերը սպասում էին՝ վարագույրը փոքր-ինչ կբացվի, այնինչ՝ հակառակը տեղի ունեցավ, և Նախագահը հնարավորինս անորոշություն մտցրեց այդ հարցի շուրջ. «Եթե մինչև վերջերս ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում, որ նախագահը քաղաքական դաշտում մնալու է, նախագահը նույնիսկ այդ հարցին չպատասխանեց: Սակայն ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում նախագահի մոտ չկա և հիմնականում պայմանավորված է լինելու փետրվարից հետո ստեղծված իրավիճակով, տարածաշրջանում հնարավոր զարգացումներով, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ խորհրդակցելուց ելնելով: Բացառում եմ, որ այդ գործընթացին չի մասնակցելու գործող վարչապետը, քանի որ ինքը մտնում է այն շրջանակի մեջ, ովքեր լուծում են այդ հարցը: Սակայն նախագահը նախևառաջ պետք է հայտնի իր ցանկությունը, քանի որ գուցե ուզում է մի ընթացք դադար վերցնել և զբաղվել, օրինակ, կուսակցությունը ղեկավարելով: Պետք է նկատել, որ ամեն բան միևնույն է՝ իր ձեռքում է լինելու, և՛ վարչապետի նշանակումը, և՛ խորհրդարանն ինչ վարքագիծ կընդունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քաղաքական իշխանության ղեկը լինելու է Սերժ Սարգսյանի ձեռքում, բայց պարտադիր չէ, որ պետական պաշտոն զբաղեցնի:

Քաղաքագետն ընդգծեց՝ 2018-ի վարչապետը հստակ ժամանակով չի նշանակվելու և մինչև 2022 թ.-ը անսահմանափակ քանակով վարչապետեր կարող են փոխվել:

Նշենք, որ երեկ ևս Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ապագայում Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին՝ նշելով, որ դրան կարելի է հասնել միգրացիայի զրոյական մակարդակի պարագայում:

«Միգրացիան զրոյական մակարդակի հասցնելու համար նախևառաջ համապատասխան մթնոլորտ և աշխատատեղեր պետք է լինեն Հայաստանում: Սա է հիմնական ծրագիրը, որը ցանկացած իշխանություն պետք է իր վրա վերցնի և իրականացնի: Միգրացիան չի դադարում միայն կոչերով, իսկ այս պահի դրությամբ շոշափելի արդյունքներ չկան, իսկ իշխանություններն այս առումով ապացուցելու շատ բան ունեն»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ նախկին պաշտոնյաների մասին խոսելիս նախագահը ոչինչ չբացառեց՝ ցույց տալով, որ կան գործիչներ, ովքեր իսկապես ետդարձի ճանապարհ չունեն. «Թեև հստակ օրինակով ցույց տվեց, որ պաշտոնանկ եղած գործիչները կարող են վերադառնալ, բայց հասկացրեց նաև, որ անհատական մոտեցում է լինելու և չկա ունիվերսալ խաղի կանոն»,- նշեց նա: Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ նկատի ուներ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, քաղաքագետը նշեց, որ դժվարանում է ասել՝ ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը: Բայց քանի որ քաղաքական կյանքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ թվում էր, թե վերջնականապես պաշտոնը թողած մարդը որոշ ժամանակ անց ինչ-որ ֆունկցիայով վերադառնում է, ուստի՝ ոչինչ պետք չէ բացառել:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *