Նախարարը հրաժարակա՞ն կտա

timthumb

Այսօր մամուլում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և «Մալայան» ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մալայանն անտեսում է Առողջապահության նախարարի հրահանգները՝ իր բժշկական կենտրոնը համարելով անկախ օղակ։ Նախարարն էլ իր հերթին՝ փորձում է ունեցած լծակներով ճնշում գործադրել Մալայանի վրա։ Թե ինչով կավարտվի Ալթունյան-Մալայան հակամարտությունը, կախված կլինի Առողջապահության նախարարի պաշտոնավարման ժամկետից, իսկ վերջինիս հետագա պաշտոնավարումը, ինչպես երևում է, լուրջ հարցականի տակ է. չէ՞ որ մի բան է, երբ մտնում ես քաղաքացու գրպանը, և մեկ այլ բան՝ երբ մտնում ես իշխանության հետ բավականին սերտ հարաբերությունների մեջ գտնվող ԲԿ սեփականատիրոջ բիզնես տիրույթը: Սա Ալթունյանի հրահանգները սաբոտաժի ենթարկելու՝ գործնականում առաջին, բայց վերջին դեպքը չէ: Դժվար չէ կռահել, որ Մալայանի օրինակը վարակիչ կլինի նաև մյուս ԲԿ-ների սեփականատերերի համար, ովքեր վստահ են, որ Ալթունյանը մտնում է մի տիրույթ, որն իր իրավասության տակ չէ:
Սակայն մի կողմ թողնենք ԲԿ տնօրեններին: Դիտարկենք հասարակության վերաբերմունքն այն ոլորտի նկատմամբ, որը գլխավորում է Ալթունյանը: Մարդկային գործոնով պայմանավորված մահացության բարձր ցուցանիշ, բժշկական ծառայությունների աստղաբաշխական գներ, օպտիմալացման անվան տակ քայքայվող համակարգ, վատ մասնագետներ, դեղորայքի և սարքավորումների ցածր որակ, առողջապահական ապահովագրության բացակայություն, անվճար բուժօգնության կասկածելի մեխանիզմներ, ժամանակ առ ժամանակ բռնկվող համաճարակներ, առանձին հիվանդությունների գծով բարձր ցուցանիշներ և այլն: Մի՞թե այսքանը բավարար չէ, որպեսզի նախարարն ընդունի այն փաստը, որ ինքն ի վիճակի չէ արդյունավետ կառավարել առողջապահական համակարգը և հրաժարականի դիմում ներկայացնի: Ի դեպ՝ դա բխում է հենց իր շահերից, քանի որ օր-օրի նվազում են շանսերը, որ Լևոն Ալթունյանին կտեսնենք հաջորդ կառավարության կազմում:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *