Նախարար Առաքելյանը՝ գյուղոլորտի ցածր ցուցանիշի և իր հրաժարականի մասին

timthumb

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հերթական վիճակագրությունը, որտեղ գյուղոլորտն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդի համեմատ ունեցել է անկում։

ԼՈւՐԵՐ.com-ը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված իր ղեկավարած գերատեսչության արձանագրած ցածր ցուցանիշը և աճ արձանագրելու համար ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառել։ Հարցին ի  պատասխան՝ նախարարը նշեց․ «Նախորդ տարի կլիմայական պայմանները եղել են ոչ բարենպաստ և ցածր ցուցանիշը պայմանավորված է այդ հանգամանքով։ Այս տարի արդեն գյուղատնտեսական տարին սկսել է և հույս ունենք՝ եթե գարնանային ցրտահարություն և կարկտահարություն չլինի՝ կունենանք աճ: Այն տենդենցը, որը դրել ենք, տանում է թվերի աճին»։

Հարցին՝ ի՞նչ կերպ է նախարարությունը լուծելու կիսադատարկ ջրամբարների հարցը՝ գյուղացիական տնտեսություններին ջուր հասցնելու համար, նախարարը պատասխանեց․ «Երեկ Կառավարության ղեկավարի մոտ այս հարցով  եղել է քննարկում։ Ջրային պետական կոմիտեն հատկացրել է միջոցներ բյուջից, որպեսզի կիսադատարկ ջրամբարների հարցը լուծենք խորքային հորերի միջոցով: Իրականացվելու են նաև խորքային հորերի հորատման աշխատանքներ»։

Նախարար Իգնատի Առաքելյանը չհամաձայնեց տեսակետի հետ, որ Գյուղնախարարության կողմից գյուղացիներին տրվում են բարձր տոկոսներով վարկեր․ «Գյուղտեխնիկայի, կաթիլային համակարգի համար տրվող վարկերը 2 տոկոսանոց վարկեր են, իսկ օրինակ՝ մթերման համար տրվողները՝ 3 տոկոսանոց։ Սա առավելագույն ցածր տոկոսն է, որով կարող ենք օգնել գյուղացիական տնտեսություններին»,-ասաց Առաքելյանը։

Վերջում նախարարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ, ինչպես օրերս գրեց մամուլը:  «Ո՛չ, նման մտադրություն չունեմ»,-ի պատասխան հարցին՝ նշեց Իգնատի Առաքելյանը։

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *