Նախընտրական ֆալստարտ

timthumb

ԱԺ արտահերթ ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց ցուցակներն ու ընտրական քարոզարշավի տակտիակայի վերջին շտկումներն են կատարում:
Տարբեր առիթներով անընդհատ շեշտվում է, որ այս ընտրություններն անկախ Հայաստանի լավագույն ընտրություններն են լինելու, քանի որ հենց այս ընտրությունով է քաղաքացու ազատ կամարտահայտությունը դրսևորվելու:
Հուսալ, թե ձևավորվելիք խորհրդարանի գունապնակը բազմագույն է լինելու, միամիտ բան է: Երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում հայտնվելու են ոչ թե քաղաքական պայքարի արդյունքում հաղթանակ տարածները, այլ ընդհանուր մթնոլորտում «լավ թմբուկ զարկողները», որոնք, սակայն, դեկտեմբերի 9-ից հետո ստիպված են լինելու իրենց ուսերին կրելու երկրի կառավարման ծանր պարտականությունը:
Այս շաբաթն աչքի ընկավ նրանով, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսեց իր մարզային այցերը, կամ այլ կերպ ասած իր համար սկսեց քարոզարշավը, չնայած պաշտոնական մեկնարկին դեռևս կա մեկ շաբաթ ժամանակ: Փաշինյանը նախ այցելեց Գեղարքունիքի մարզ՝ լինելով գրեթե բոլոր քաղաքներում, իսկ արդեն այսօր՝ Արագածոտնի մարզ:
Ակնհայտ է, որ վարչապետը մարզեր կատարած աշխատանքային այցի ժամանակ զբաղվում է նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
Նիկոլ Փաշինյանը մի կողմից հրահանգում է չօգտագործել վարչական լծակները, մյուս կողմից չտեսնելու է տալիս, որ իր կառավարության անդամները վերից վար լծվել են քարոզչական աշխատանքների` մի կողմ թողնելով կառավարության հրատապ խնդիրները։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համարից մինչև վերջինն անհատական աշխատանքներ են տանում քաղաքացիների հետ, հավաքագրում են մարդկանց, ճշտում, թե քանի ձայն ունեն։ Քարոզչական այս ճնշումից տուժում են բոլոր մյուս քաղաքական ուժերը։ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը առանձնապես քարոզչության կամ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու կարիք իրականում չունեն, քանի որ նրանք չափից ավելի պոպուլյար և նույնիսկ այս մթնոլորտում ստեղծվում են անհավասար պայմաններ: Հարկ է նկատել, որ սա նաև ինչ-որ առումով մեծ վնաս կլինի «Իմ քայլը» դաշինքին. ենթադրենք, եթե նրանք հավաքեն 80-90 տոկոս քվե, կստեղծվի մի վիճակ, երբ մենք կունենանք ՀՀՇ-ի պատմության կրկնությունը:
Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիրքը քարոզարշավային ֆալստարտի համար՝ վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *